Մատչելի հղումներ

Հայաստանի շուրջ զարգացումները քննարկվել են Վաշինգտոնում


Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է շարունակել օգնել Հայաստանին ժողովրդավարության եւ ազատ տնտեսության կառուցման գործում, հայտարարել են ամերիկյան փորձագետները՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում Policy Forum Armenia եւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի կողմից կազմակերպված ՝Հայաստանի շուրջ զարգացումներին նվիրված քննարկման ընթացքում:

ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան Էնդրյու Նովոյի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության եւ ազատ տնտեսության զարգացումն ուղղակիորեն բխում է ԱՄՆ-ի շահերից.

«Ժողովրդավար պետությունները Միացյալ Նահանգների ավելի լավ բարեկամներն են դառնում, քան միապետական համակարգերը: Դրանից բացի, քիչ հավանական է, որ առավել ժողովրդավար Հայաստանը կամ Վրաստանը Ռուսաստանի ազդեցության տակ հայտնվեն»:

Վերլուծաբանի խոսքով, ներկայում Հայաստանը գտնվում է շատ խոցելի իրավիճակում հենց Ռուսաստանի կողմից Երեւանի վրա գործադրվող ճնշումների պատճառով.

«Հայաստանի դեպքում, Ռուսաստանի ռազմական շահերը նախատեսում են Ղարաբաղում ստեղծված փակուղու հավերժացում ՝ Հայաստանը մշտապես կախյալ թողնելով Ռուսաստանից: Խոսակցություններ կան նաեւ նույն նպատակով հակամարտության տարածքում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ»:

Նովոյի խոսքով, Ռուսաստանի կախվածության տակ մնալու խնդիրը ոչ միայն ռազմական այլեւ՝ ներքաղաքական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, որը կարծես թե սկսում է ընթանալ Բելառուսի եւ Ղազախստանի ճանապարհով.

«Հայաստանը միացել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միությանը՝ կրելով բազմաթիվ տնտեսական կորուստներ: Սերժ Սարգսյանը, ով նախագահ է դարձել երկու անգամ՝ վիճելի ընտրությունների միջոցով, անցյալ տարի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե է անցկացրել՝ Հայաստանը նախագահականից խորհրդարանական պետություն դարձնելով: Այս դեպքում Սարգսյանը ցանկության դեպքում կարող է շարունակել կառավարել որպես վարչապետ՝ հինգ տարի անց կրկին դառնալով նախագահ. Անել հենց այն, ինչ արեց Վլադիմիր Պուտինը»:

Վերլուծաբանի խոսքով, պուտինյան Ռուսաստանը նաեւ փորձում է ամեն կերպ թուլացնել Հայաստանի տնտեսությունը, որպեսզի զրկի Երեւանին ոչ միայն ռազմական եւ քաղաքական, այլեւ՝ տնտեսական ինքնուրույնության բոլոր հնարավորություններից, պահելով երկիրն իր ազդեցության տակ:

Անդրադառնալով հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին, Էնդրյու Նովոն նշել է, որ, դրանցից հիմնականում շահում է ռուսական կողմը.

«Ռուսաստանը Հայաստանից ներմուծում է շուրջ 200 միլիոն դոլարի ապրանք, դրա մեծ մասը սպառողական ապրանքներ են, ընդ որում, մեկ երրորդը՝ ըմպելիքներ եւ խմիչքներ: Դրա փոխարեն, Ռուսաստանից Հայաստան է ներմուծվում տարեկան մեկ միլիարդ դոլարի ապրանք: Այլ կերպ ասած, Ռուսաստանի համար Հայաստանը շատ լավ հաճախորդ է, այն էլ՝ հնազանդ»:

Քննարկումներին մասնակցող մեկ այլ վերլուծաբան, փորձառու դիվանագետ դեսպան Ջոն Հերբստը, ով այժմ Ատլանտյան խորհրդի վերլուծաբան է, նշել է, որ Խորհրդային Միությունում Հայաստանը հայտնի էր որպես առաջատար տեխնոլոգիաների զարգացման կենտրոններից մեկը, իսկ Հայկական ռադիոն խորհրդային իրականության պայմաններում ազատ մտքի եւ հումորի խորհրդանիշն էր դարձել: Այնուամենայնիվ, Հայաստանին չհաջողվեց կրկնել, օրինակ, Մերձբալթյան երկրների հաջող փորձը.

«Հայաստանը երեւի թե Միացյալ Նահանգների համար նախկին խորհրդային պետություններից ամենամեծ հիասթափությունը դարձավ»:

Դեսպանի կարծիքով, Հայաստանի հաջողությունները խոչընդոտել էր ղարաբաղյան հակամարտության առկայությունը, որը թույլ չտվեց երկրին լիարժեքորեն ինտեգրվել տարածաշրջանային բոլոր զարգացումների մեջ: Ջոն Հերբստի խոսքով, իրավիճակը հնարավոր է կտրուկ բարելավել երկրի ներսում ժողովրդավարության եւ ազատ շուկայի զարգացման եւ ղարաբաղյան հիմնախնդրի փոխզիջումային կարգավորման ճանապարհով.

«Խոսքը գնում է ոչ թե Ղարաբաղում բնակվող մարդկանց իրավունքներին վերաբերող զիջումների մասին, անշուշտ ոչ: Խոսքը գնում է տարածքների հարցում փոխզիջման գնալու վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է ժողովրդավարությանն ու որակյալ կառավարմանը, ապա դեսպան Հերբսթի կարծիքով այդ երկուսը փոխկապակցված են եւ չեն կարող հաջող գործել առանձին:

Անդրադառնալով քննարկումներին, միջոցառման կազմակերպիչ, Policy Forum Armenia կազմակերպության ղեկավար Դավիթ Գրիգորյանը նշել է, թե ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծված համակարգը չի կարող երկար գոյատեւել.

«Թե՛ ներքին տնտեսական, սոցիալական առումով եւ թե՛ արտաքին հարաբերություններում Հայաստանի արտաքին կշռի շարունակվող նվազեցման եւ ինքնիշխանության կորստի առումով պարզ է դառնում, որ այս իրավիճակը երկարաժամկետ չի կարող գոյատեւել»:

XS
SM
MD
LG