Մատչելի հղումներ

“The World Post” - ՝՝Ինչու՞ է հակակոռուպցիոն բողոքի ալիքն աճում Հայաստանում՛՛


“The Huffington Post” ինտերնետային կայքի “The World Post” հավելվածն օգոստոսի իր համարում անդրադարձել է Երեւանում հուլիսի 17-ին սկսված իրադարձություններին, ու փորձել տալ ՝՝պատանդառության՛՛ եւ երկրում տիրող իրավիճակի պատճառներն ու բացատրությունը։

Կայքը հիշեցնում է, որ Երեւանում Ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքը գրավելուց հետո ՝՝Սասնա ծռեր՛՛ խմբի անդամները պահանջել են աջթեւային ընդդիմության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը եւ նախագահ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։ ՝՝Ու չնայած Սեֆիլյանի ՝՝Նոր Հայաստան՛՛ ազգային փրկության ճակատը դեռեւս ձեւավորման փուլում է, Հայաստանի մեծաթիվ քաղաքացիներ իրենց համերաշխությունը հայտնեցին կառավարության շրջանում տարածված կոռուպցիան դատապարտող պատանդառունեին՛՛, գրում է կայքը։ Կայքը նաեւ հիշեցնում է նախորդ տարի ՝՝Էլեկտրիկ Երեւան՛՛ անվանումը ստացած ցույցերը՝ նշելով, որ այն նույնպես շեշտում է կոռուպցիայի դեմ պայքարելու հայերի պատրաստակամությունը։

Կայքը հիշեցնում է, որ պետական կոռուպցիայի դեմ ժողովրդական բողոքի ալիքի ճնշման տակ էր, որ 2Օ15 թվականի հուլիսին Սարգսյանը լայն արտոնություններ տվեց նոր ձեւավորված հակակոռուպցիոն խորհրդին։ Սակայն, գրում է պարբերականը, խորհրդի գործունեությունն այդպես էլ չկարողացավ մեղմել ժողովրդի մտահոգությունները։ ՝՝Սարգսյանի ներքին շրջանակի պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրանքները ցնցել են կառավարության նկատմամբ հասարակական վստահությունը։ Եվ այժմ մեծաթիվ հայեր են հավատացած, որ կոռուպցիան էր թուլացրել Լեռնային Ղարաբաղում ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից իրականացված ներխուժման ժամանակ հավասար ուժով պատասխանելու Հայաստանի կարողությունները՛՛, գրում է “The World Post”-ը։

՝՝Չնայած Սարգսյանի վերջին հասարակական ելույթներում արտահայտվում է Հայաստանում կոռուպցիան վերացնելու ցանկություն, նախագահի ու նրա ներքին օղակի անդամների գործողությունները հաճախ են հակադրության մեջ մտնում նրա հռետորաբանության հետ՛՛, գրում է հոդվածի հեղինակը, ու հիշեցնում պետության հաշվին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից մասնավոր ու թանկարժեք թռիչքներ իրականացնելու փաստը։ Մեկնաբանը վիճահարույց է համարում հակակոռուպցիոն խորհրդի ղեկավարի պաշտոնում Աբրահամյանի նշանակման որոշումը, երբ վերջինս ունի մասնավոր ընկերություններ, գազալցման կայաններ, կազինոներ ու դրամական մեծ ներդրումներ։ Հեղինակը շեշտում է, որ պետական պաշտոնյաները Հայաստանի Սահմանադրությամբ չունեն բիզնես գործարքներ կնքելու իրավունք։

Սարգսյանի հակակոռուպցիոն պայքարը, ըստ “The World Post”-ի, մեկ անգամ եւս հայտվնեց հարվածի տակ, երբ ապրիլի 8-ին հրապարակվեցին Պանամայի փաստաթղթերը, որոնց համաձայն Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը եւ նրա մերձավոր երկու ազգականներն ընկերություններ են հիմնադրել Պանամայում՝ ստանալու Հայաստանի կառավարության պայմանագրեր։

“The World Post”-ի մեկնաբան Սամուել Ռամանին գրում է, որ հասարակական զայրույթի ալիքի ներքո Սերժ Սարգսյանը պատժեց մի քանի պաշտոնյաների։ Ձերբակալվեցին գեներալ Մելսիկ Չիլինգարյանը եւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան երկու պաշտոնյաներ, սակայն հասարակական վստահությունը Սարգսյանի նկատմամբ չաճեց։ ՝՝Իր ներքին օղակի անդամներին արդարադատության առջեւ կանգնեցնելու Սարգսյանի դժկամությունն ավելի խորացրեց հասարակության համոզմունքն այն մասին, որ Հայաստանի կառավարությանն աջակից պաշտոնյաները կարող են առանց պատժվելու դիմել հանցագործությունների՛՛։

Հեղինակը հիշեցնում է Գագիկ Բեգլարյանի օրինակը, որը նախագահական պալատի արձանագրությունների բաժնի ղեկավարին ծեծի ենթարկելուց հետո հրաժարական էր տվել Երեւանի քաղաքապետի պաշտոնից, սակայն երբեք չէր կանգնել արդարադատության առջեւ։ Ավելին՝ նախագահական ընտրությունների ընթացքում Սարգսյանին մեծապես աջակցելու արդյունքում նախարարի աթոռ էր ստացել կառավարությունում։

Ինտերնետային կայքը նշում է, որ Բեգլարյանը եզակի դեպք չէ Հայաստանում ու բերում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի օրինակը։

՝՝Հայաստանի իրավական համակարգում այդ երկակի չափանիշներն են հասարակական կարծիքը հանել ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ մեծացրել աջակցությունը քաղաքական այն խմբավորումների նկատմամբ, որոնք հավատում են, թե անարդարության դեմ պայքարելու միակ ուղին այլեւս բռնությունն է։ Իսկ հուլիս ամսվա պատանդառուներին ՝՝ահաբեկիչներ՛՛ անվանելուց խուսափելու Սարգսյանի որոշումը մի լուռ համաձայնություն է առ այն, որ աճում է հակակառավարական բռնի գործողությունների նկատմամբ հասարակական աջակցությունը։ Այս իրադրությունը լրջորեն է սպառնում Սարգսյանի իշխանությանը՛՛, ասված է “The World Post”-ի ՝՝Ինչու՞ է հակակոռուպցիոն բողոքի ալիքն աճում Հայաստանում՛՛ վերնագրով հոդվածում։

Հոդվածագիրը, նշելով, որ եթե մինչ այժմ կոռուպցիան Հայաստանում համարվել է տնտեսական զարգացման ու քաղաքական ազատականացման ուղու վրա մի մեծ արգելք, ապրիլյան չորսօրյա պատերազմը մեծաթիվ հայերի է ստիպում հավատալ, որ կոռուպցիան արդեն դարձել է սպառնալիք ազգային անվտանգության համար։ ՝՝Հայաստանի զինված ուժերի կողմից այդ օրերին կիրառված խորհրդային արտադրության զենքերը մեծապես զիջում էին Ադրբեջանի բանակի կողմից կիրառված բարձր տեխնոլոգիական զենքերին՛՛։ Սա մի փաստ է, որը նույնպես մեծապես վնասում է Սարգսյանի դիրքերը, գրում է առցանց պարբերականը՝ ավելացնելով, որ Հայոց բանակը բարձր գներով պարբերաբար ձեռք է բերել անհրաժեշտ չափանիշներին զիջող տեխնոլոգիական միջոցներ՝ ի շահ կառավարությանն աջակից ընկերությունների։

՝՝Անցյալ ամիս պատանդառության գործողությունն օգնել է խորացնել այն համոզմունքը Հայաստանում, որ պետական ֆոնդերի անիրատես ծախսումները թուլացրել են Հայաստանի ազգային անվտանգությունը։ Կոռուպցիայի սկանդալային փաստերն իրենց հերթին պատճառ են դառնում, որ աջթեւային ազգայնական խմբերն ավելի խիստ դատապարտեն Ադրբեջանին տարածքային զիջումներ կատարելու Սարգսյանի պատրաստակամությունը՛՛, գրում է հոդվածագիրը ու եզրափակում.

՝՝Անցյալ ամսվա պատանդառության ճգնաժամը Հայաստանում կոռումպացված քաղաքական համակարգի նկատմամբ տարիներ շարունակվող զայրույթի գագաթնակետն էր։ Ու եթե Սարգսյանը չպատժի կոռումպացված պաշտոնյաներին ու չբարեփոխի Հայաստանի քաղաքական հաստատությունները, հակակառավարական բողոքի ալիքը եւ քաղաքական բռնությունները եկող տարիների ընթացքում կդառնան Հայաստանի քաղաքական կյանքի տեւական հատկանիշներ՛՛։

XS
SM
MD
LG