Մատչելի հղումներ

Հալեպում իրավիճակը շարունակում է մնալ շատ ծանր


ՄԱԿ-ը հետաքննում է այն մեղադրանքները, որոնց համաձայն Սիրիայի կառավարությունը թունավոր գազ է կիրառել Հալեպի ապստամբ դիրքերի դեմ։ Ըստ նույն մեղադրանքների, քլորին գազի կիրառմամբ հարձակման արդյունքում 4 մարդ է սպանվել, մեծաթիվ այլոք՝ տեղափոխվել հիվանդանոցներ։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացն ասել է, որ եթե մեղադրանքները հաստատվեն, այն կարող է դիտվել որպես պատերազմական հանցագործություն։

Արդեն մեկ ամիս է, Սիրիայի Հալեպ քաղաքը դարձել է կատաղի մարտերի թատերաբեմ։ Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ երկրի երկրորդ ամենամեծ այս քաղաքը դարձել է հատկապես խաղաղ բնակչության համար ամենավտանգավոր բնակավայրը։ Օդային գրոհներից ու փողոցային մարտերից զատ մարդկանց այսօր սպառնում են թունավոր գազերով հարձակումները։

Ինչպես ՝՝Amnesty International՛՛ կազմակերպության ներկայացուցիչներից Դայանա Սեմաանն է ասում.

՝՝Անցած երկու շաբաթների ընթացքում քլորին գազով երրորդ հարձակումն է իրականացվել այստեղ։ Հիվանդանոցի բժիշկներն ասել են, որ 6Օ մարդ են թունավորման պատճառով ընդունել, որոնց մեծ մասը՝ երեխաներ են։ Թունավորված անձինք տառապում են շնչահեղձությամբ ու ծանր հազում՛՛։

Ինչպես լրատվական գործակալություններն են նշում, նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությունն ունի իր ընդդիմադիրների դեմ թունավոր գազ կիրառելու փորձառություն, այդ պատճառով էլ ներկա մեղադրանքներին միջազգային կառույցները լրջորեն են մոտենում։

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի խոսքերով.

՝՝ՄԱԿ-ը եւ միջազգային մեկ այլ կազմակերպություն հետաքննություն են սկսել, ու եթե պարզվի, որ թունավոր գազ իրոք կիրառվել է, այն կարող է համարվել պատերազմական հանցագործություն։ Ինչը նշանակում է, որ անհապաղ քայլերի կիրառումը անհրաժեշտություն է լինելու։

Սիրիայի կառավարական ուժերը՝ ռուսական ռազմաօդանավերի ուղեկցությամբ ներկայումս գործողություններ են իրականացնում երկրի հյուսիսում գտնվող ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Հալեպում լիակատար վերահսկողութուն հաստատելու համար։ ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք ասում են, թե այստեղ օգնություն առաքելու նպատակով երեք ժամ հրադարար հաստատելու մասին Ռուսաստանի զինված ուժերի կողմից տրված խոստումը բավարար չէ։ Նրանց խոսքերով, այդ նպատակի համար առնվազն 48 ժամ է հարկավոր։

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի հատուկ խորհրդական Յան Էգելանի խոսքերով, Ռուսաստանի պատվիրակությունը համաձայնել է քննարկումներ անցկացնել՝ մարդասիրական նպատակներով մարտերը դադարեցնելու շուրջ։

Ռուսական հեռուստակայանները ցուցադրել են հատվածներ այն մասին, թե ինչպես է մարդասիրական բեռներով լցված շարասյունն ուղղություն վերցնում դեպի Հալեպ, սակայն սննդամթերքը բաշխում քաղաքի արվարձաններում։ Տեղից ստացված հաղորդագրությունների համաձայն, սննդամթերք տեղափոխող շարասյանը ուժեղ ռմբակոծության պատճառով չի հաջողվում մուտք գործել քաղաք։

XS
SM
MD
LG