Մատչելի հղումներ

Ֆերգըսըն քաղաքում հավատում են, որ իրավապահների նկատմամբ հարգանքը կվերականգնվի միայն ոստիկանների ջանքերի դեպքում


ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆերգըսըն քաղաքը երկու տարի առաջ հայտնվել էր անհանգստությունների ալիքի տակ։ Այստեղ սպիտակամորթ մի ոստիկան կրակել-սպանել էր 18-ամյա սեւամորթ մի պատանու։ Հետաքննությունը ցույց է տվել, որ քաղաքում իրոք առկա է խտրականություն՝ ընդդեմ սեւամորթների։

ԱՄՆ-ի Ֆերգըսըն քաղաքում երկու տարի առաջ բռնությամբ ուղեկցվող ցույցեր էին անցկացվում։ Քաղաքը, տեղի բնակիչների խոսքերով, չէր տարբերվում Իրաքից։ Բռնությունների պատճառը փողոցում վիճաբանության ընթացքում սպիտակամորթ ոստիկաններից Դարրեն Ուիլսոնի կողմից արձակված հրազենային կրակն էր, որի արդյունքում զոհվել էր սեւամորթ, անզեն մի պատանի՝ Մայքըլ Բրաունը։

Բախումներն այն օրերին ավելի ուժգնացան, երբ ոստիկանի դեմ մեղադրանքներ չհարուցվեցին։

Սպանված տղայի մայրն ասում էր, թե ոստիկանն իր արարքով վտանգի տակ է դրել ամբողջ քաղաքը։

Այս սպանությունից հետո էր, որ երկրով մեկ սկսվեց ՝՝Սեւամորթների կյանքը կարեւոր է՛՛ անվամբ շարժումը ընդդեմ ոստիկանական դաժանությունների եւ հանուն արդարադատության համակարգի բարեփոխումների։

Եվ ահա դաշնային հետաքննության արդյունքում պարզվեց, որ հիմնականում սպիտակամոթ պաշտոնյաներ ունեցող Ֆերգըսընի ոստիկանական բաժանմունքում պարբերաբար իրականացվել է խտրական մոտեցում եւ կիրառվել անհամաչափ ուժ։

Ինչպես քաղաքագլուխն է ասում, իրենք ներկայումս աշխատանքներ են տանում, այստեղ ոստիկանության պատկերը եւ նրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքը փոխելու համար։

՝՝Մեկ կրակոցով կամ մեկ օրվա ընթացքում անհնար է լուծել տարիների ընթացքում կուտակված խնդիրները։ Դրա համար ժամանակ է պետք, նվիրվածություն ու համոզմունք, որ բոլորս ենք շարժվում նույն ուղղությամբ՛՛, ասում է նա։
Քաղաքի ոստիկանությունն այժմ ունի սեւամորթ ոստիկանապետ։ Այստեղ անցկացվում են ոստիկանական հատուկ մարզումներ։
Քաղաքի բնակիչների կողմից հիմնադրվել է մի խորհուրդ, որն իր առջեւ դրել է քաղաքի իշխանությունների վրա ճնշումներ բանեցնելու նպատակ, որպեսզի ոստիկանության բաժանմունքում իրականացվեն արդարադատության նախարարության պահանջները։

Ինչպես քաղաքացիներն են ասում, իրենք իրենց վրա են վերցնում այդ պահանջներն ուժի մեջ մտցնելու պատասխանատվությունը, ինչը, ասում են նրանք, իրականացնում են բողոքի ակցիաներ կազմակերպելու միջոցով։

Ֆերգըսըն քաղաքում, որը երկու տարի առաջ կրակի բոցերի մեջ էր, մարդիկ այսօր հավատում են, որ իրենց միասնական ուժը բավարար է՝ պարտադրելու, որ հարգվի իրենց իրավունքը։ Նրանց խոսքերով միայն ա՛յդ դեպքում հարգանք կձեւավորվի իրավապահների նկատմամբ։

XS
SM
MD
LG