Մատչելի հղումներ

Ռուսաստանը պատրաստվում է 4 միջանցք բացել Հալեպի շուրջը


Սիրիայի Հալեպ քաղաքը գրեթե ամբողջությամբ շրջապատված է երկրի կառավարական ուժերի կողմից, ինչի արդյունքում անհնար է դարձել սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության այլ պարագաների տեղափոխումը դեպի քաղաք։

Սիրիայի կառավարության աջակից Ռուսաստանը հինգշաբթի օրն էր հայտարարել Հալեպից մարդասիրական երեք միջանցք բացելու մասին։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միսթուրան ցանկանում է տեսնել, թե այժմ ՄԱԿ-ը ինչպես է Ռուսաստանի հետ համագործակցում Հալեպի քաղաքացիներին ու զենքը վայր դրած ընդդիմադիր զինյալներին օգնելու աշխատանքներում։ Քաղաք, որտեղ այսօր մոտ 3ՕՕ հազար մարդկանց սնդդամթերքը շուտով լիովին կվերջանա։


Հինգշաբթի օրը ելույթ ունենալով Ժնեւում՝ դե Միսթուրան ասել է, թե Հալեպը ՝՝դե ֆակտո՛՛ պաշարման մեջ է։ Սակայն, ասել է նա, պետք է ապահովվի մարդասիրական օգնության համար նախատեսված միջանցքների անվտանգությունը, եւ որեւէ մեկը պարտադրաբար դուրս չպիտի գա քաղաքից։


՝՝Մեր հաշվարկով քաղաքում մնացել է սննդամթերքի միայն երկուսից երեք շաբաթվա պաշար։ Իրավիճակն ավելի է ծանրանում պահեստների, բժշկական հաստատությունների, հացի գործարանների ռմբակոծությունների պատճառով՛՛, ասել է դե Միսթուրան։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստիվըն Օ’Բրայընը կոչ է արել, օգնությունն անվտանգ տեղ հասցնելու նպատակով, հաստատել 48-ժամյա զինադադար։

՝՝Ինչպե՞ս եք պատկերացնում մարդկանց ելքն այդ միջանցքներով, երբ շարունակվում են ռմբակոծությունն ու մարտերը՛՛, հրապարակային հարց էր հղել նա։ Նա ասել էր նաեւ, թե ՄԱԿ-ը սկզբունքորեն կողմ է մարդասիրական միջանցքների մասին Ռուսաստանի ծրագրին, սակայն հորդորել, որ Ռուսաստանը ներկայացնի ծրագրի իրականացման մանրամասները։

Հիշեցնենք, որ ռուսական ծրագրի համաձայն, բացվելու է նաեւ չորրորդ միջանցքը, որը նախատեսված է զինված ջոկատայինների համար։

XS
SM
MD
LG