Մատչելի հղումներ

Պատմական պահ․ Քլինթոնը դարձավ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրված առաջին կինը


Ֆիլադելֆիայում երեքշաբթի պատմական օր էր․ Դեմոկրատական կուսակցության համագումարի ընթացքում Հիլարի Քլինթոնը դարձավ խոշոր կուսակցության կողմից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրված առաջին կինը։ Քլինթոնին պաշտոնապես թեկնածու առաջադրեց Մերիլենդի սենատոր Բարբարա Միքուլսքին, ով հիշեցրեց, որ նոր ժամանակների պատմությունը ստեղծվում է հենց մեր առջեւ։

Հատկանշական է, որ ի տարբերություն հանրապետականների, Քլինթոնի առաջադրմանը սատարել է դեմոկրատական կուսակցության ողջ վերնախավը, այդ թվում՝ Քլինթոնի հիմնական մրցակից սենատոր Բերնի Սենդերսը։ Սակայն, ինչպես հանրապետականների դեպքում, շարքային որոշ դեմոկրատների, որոնք քվեն տվել էին կուսակցության այլ թեկնածուներին, նույնպես դուր չէր եկել Քլինթոնի ընտրությունը եւ նրանք որոշեցին լքել համագումարը։

Համագումարի երկրորդ օրվա վերջում սակայն Հիլարին աջակցություն ստացավ իր ամենամոտ կողմնակից եւ ամուսին, Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլլ Քլինթոնի կողմից։ Բիլլ Քլինթոնը, ով Հիլարիի հաղթանակի դեպքում կարող է դառնալ Միացյալ Նահանգների «առաջին տղամարդը», իր կեսժամանոց ելույթն սկսեց Հիլարիի հետ համալսարանում 1972 թվականին առաջին հանդիպման եւ ծանոթության պահից․

«Ես նրան մի քանի անգամ տեսել էի, սակայն չէի կարողանում մոտենալ եւ խոսել իր հետ, եւ մի երեկո գրադարանում տեսնելով նրան ես աչքս չէի կարող թեքել այդ աղջկանից եւ ինքը մոտեցավ եւ խոսեց ինձ հետ»։

Ներկայացնելով Հիլարի Քլինթոնի կողմից ի նպաստ քաղաքացիների տարբեր ոլորտներու արված աշխատանքը՝ Բիլլը մեկ անգամ եւս նշեց, որ Հիլարի Քլինթոնը լավագույն նախագահի թեկնածուն է, որի կարիքն այսօր ունի Միացյալ Նահանգները։

«Ես ամուսնացա իմ լավագույն ընկերոջն ու մինչ օրս, ավելի քան 40 տարի անց, ես հիանում եմ, թե որքան խելացի եւ ուժեղ, սիրող եւ հոգատար է նա»։

Բիլլ Քլինթոնի կարծիքով, Հիլարի Քլինթոնը նախագահի միակ թեկնածուն է, ով իրական պատկերացում ունի միջազգային խնդիրների մասին եւ իրական արդյունքների է հասել ինչպես երկրի ներսում այդպես էլ՝ դրա սահմաններից դուրս․

«Իմ փորձից կարող եմ ասել, որ Հիլարիի խորհուրդներին հետեւելը խելացի քայլ է»։

Այսօր Դեմոկրատական կուսակցության համագումարին ելույթ կունենան Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենը, որոնք, ինչպես ակնկալվում է, նույնպես աջակցություն են հայտնելու Հիլարի Քլինթոնին։ Ինքը Հիլարի Քլինթոնը Ֆիլադելֆիա է ժամանելու հինգշաթբի, համագումարի վերջին օրը, որի ընթացքում էլ հանդես կգա իր ծրագրային ելույթով։

XS
SM
MD
LG