Մատչելի հղումներ

“Human Rights Watch”. Կառավարության համար մի լավ հնարավորություն է ստեղծվել՝ լսելու մարդկանց մտահոգությունները


“Human Rights Watch”. Բողոքի ցույցերը կառավարության համար մի լավ հնարավորություն է՝ լսելու մարդկանց մտահոգությունները

Ուրբաթ օրը Երեւանում վաղ առավոտն անցավ առանց միջադեպերի, որից հետո նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց զինված խմբին վայր դնել զենքը և ազատ արձակել պատանդներին: «Իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ։ Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու», հայտարարեց նա:

Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, փաստելով, որ երկիրն ապրում է դժվարին և պատասխանատու օրեր, ասաց, որ պատճառներին այս պահին չի անդրադառնա։ Սակայն, ասաց նա, պետք է դասեր քաղել տեղի ունեցածից:

Անցած մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած բռնությունները գրանցվում են մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից։ Ինչպես “Human Rights Watch” կազմակերպության Եվրոպայի եւ Միջինասիական երկրների բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուքանանն է ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանն ասում, իրենք առաջին օրերից իսկ հետեւել են իրադարձություններին, համոզված լինելու համար, որ չեն ոտնահարվում մարդու իրավունքները եւ որ ապահովվում են ցուցարարների ձայնը լսելի դարձնելու համար պայմաններ։

Անդրադառնալով ցուցարարների այն բողոքներին, որոնց համաձայն ոստիկանությունը դիմել է ՝՝բիրտ ուժի եւ նսեմացրել իրենց՛՛, Բյուքանանն ասում է.

՝՝Մենք ունենք մտահոգություններ այդ կապակցությամբ եւ գտնում ենք, որ ոստիկանների վարքագծի ու տեղի ունեցած դեպքերի առնչությամբ պետք է սկսվի հետաքննություն։ Ճիշտ է, եղել են նաեւ ցուցարարների կողմից բռնություններ, որոնց ոստիկանությունն ունի պատասխան տալու իրավասություն, սակայն դա պետք է արվեր միայն համաչափ ուժի կիրառմամբ՛՛։

Ասենք, որ Հատուկ քննչական ծառայությունում դեռ ուսումնասիրում են արդյոք ոստիկանները այս օրերին բռնություն կիրառել են քաղաքացիների նկատմամբ, թե ոչ։ ­­Ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը նշել է, որ քրեական գործ դեռ չի հարուցվել, սակայն իրենք ուսումնասիրում են քաղաքացիների կողմից ներկայացված հաղորդումները և մամուլի հրապարակումները։

ԱՁ. - Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են Հայաստանում վերջին տարիներին տեղի ունենում նման դեպքեր։ Հիշենք անցյալ տարվա ՝՝Էլեկտրիկ Երեւան՛՛-ի դեպքերը։ Ի՞նչն է մարդկանց դուրս բերում փողոց։

- Դուրս են գալիս՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար։ Եվ սա կառավարության համար մի լավ հնարավորություն է՝ լսելու մարդկանց մտահոգությունները։ Մարդիկ ուզում են, որ իրենց իրավունքները պաշտպանվեն։ Խոսքը կարող է վերաբերել ընտրություններին, այլ մեխանիզմների, կամ դատական համակարգի անկախությանը։ Հստակ է ժողովրդի շրջանում դժգոհության առկայությունը։

Ինչպես “Human Rights Watch” մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության Եվրոպայի եւ Միջինասիական երկրների բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուքանանն է ասում, կազմակերպությունը մանրազնին է ուսումնասիրելու երեւանյան դեպքերը, որից հետո որոշելու է, թե ինչպիսին է լինելու արձագանքն իրենց կողմից։ Նա նշում է, որ այս օրերի իրադարձությունները տեղ են գտնելու Հայաստանի մասին կազմակերպության հաջորդ զեկույցում։

Նա ասում է, որ Հայաստանի կառավարության հետ մարդու իրավունքների պաշտպանության հարցով նախկինում էլ եղել է երկխոսություն, սակայն կոչ է անում, որ կառավարությունն անի ավելին։

XS
SM
MD
LG