Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կոչ է անում Հայաստանում խնդիրը լուծել զսպվածությամբ


Երեւանում շարունակվում է լարված իրադրությունը, երբ ոստիկաններով լցված տասնյակ մեքենաներ մուտք են գործում պարեկապահակային ծառայության գնդի տարածք, երբ Խորենացի փողոցում ավելանում է սաղավարտներով ոստիկանների թիվը։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են լարված բանակցություններ վարել հուլիսի 17-ին գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամների հետ՝ ապահովելու համար պատանդների ազատ արձակումը եւ պայմաններ ստեղծելու, որ գնդի տարածքը գրաված անձինք հանձնվեն՝ առանց ոստիկանության կողմից հատուկ գործողությունների իրականացման։

Ըստ տեղից ստացվող լուրերի, Ազատության հրապարակում անցկացված հավաքի ընթացքում տեղի են ունեցել բռնություններ, բերման ենթարկվել մի շարք ակտիվիստներ, ում խոսքերով, իրենց պարզապես առեւանգել են, այլ ոչ թե՝ ենթարկել բերման։

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները փոխանցում են, որ Ոստիկանության Էրեբունու բաժնում մնալու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել: Հիմնական պահանջը Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելն է: Պահանջում են նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը։

Հուլիսի 19-ին հնչել են կրակոցներ գնդի տարածքում, որպես ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու դեմ բողոք։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ:

Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել երեւանյան իրադարձությունները։ Իրադարձություններն են մեկնաբանում BBC-ն, The Guardian-ը, The New York Times-ը, Reuters-ը, Deutsche Welle-ն, Al-Jazeera-ն, France 24-ը և ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հարցին, թե ինչ տեսակետ ունի ԱՄՆ-ը Հայաստանում շարունակվող անհանգստությունների վերաբերյալ, Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները երեքշաբթի օրն ասաց, որ իրենք նախ եւ առաջ ցավակցություն են հայտնում զոհված ոստիկանի ընտանիքի անդամներին ու աղոթում վիրավորների համար։ ՝՝Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր, եւ խրախուսում Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն՛՛։ Հարցի մյուս հատվածին, թե չի կարծում ԱՄՆ-ը, որ Հայաստանում իրականացվող այս գործողություններն աշխարհագրական առումով կարող են ոգեշնչված լինել հարեւան Թուրքիայի գործողություններով, խոսնակն ասաց, թե ինքը նման բան չի կարծում։ ՝՝Հույս ունենք՝ ոչ՛՛, ասաց նա, շարունակելով, ՝՝ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարության տապալումը միշտ էլ վատ գաղափար է։ Քաղաքական փոփոխություններ պետք է իրականացվեն ժողովրդավարական եղանակով՛՛։

XS
SM
MD
LG