Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը շարունակելու է խթանել ղարաբաղյան խնդրի կարգավորումը


Վաշինգտոնում հավաստում են, որ Միացյալ Նահանգները բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով շարունակելու է խթանել ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը՝ պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին Պետքարտուղար Քերրիի Մոսկվայում անցնող բանակցությունների վերաբերյալ:

«Մենք ոգեւորված ենք մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Պետերբուրգում անցած ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հանդիպումների արդյունքներով: Նախագահ Ալիեւն ու նախագահ Սարգսյանը համաձայնել են հարգել զինադադարը, բռնության դադարեցմանն ուղղված միջոցներ ձեռնարկել եւ վերսկսել համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում պետքարտուղար Քերրին, առանձնազրույց ունենալով նախագահներից յուրաքանչյուրի հետ, կարեւորել է կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացի ապահովումն ու Վիեննայում եւ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացումը: Համանախագահների հետ միասին՝ Միացյալ Նահանգները բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ներգրավված է մնալու այս նպատակների իրականացմանը», - ասված է Պետքարտուղարության պատասխանում:

XS
SM
MD
LG