Մատչելի հղումներ

ԼՂ հիմնահարցի նշանակությունն ավելանում է


«Բոլորի համար պարզ դարձավ, որ ղարաբաղյան խնդիրն այլեւս սառեցված մնալ չի կարող», - ամերիկյան ազդեցիկ վերլուծաբան Սթիվեն Բլանքի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի նշանակությունը վերջին շաբաթներին կտրուկ ավելացել է: Այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն իր տեղն է գրավում այլ կարեւորագույն խնդիրների՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի եւ Սիրիայում ընթացող պատերազմի հետ միասին:

Մեկնաբանելով Պետքարտուղար Ջոն Քերրիի կողմից Մոսկվայում ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը քննարկելու նախաձեռնությունը, վերլուծաբանը նշում է, որ ապրիլյան պատերազմը միջազգային հանրությանը ստիպեց խնդրին այլ կերպ նայել.

«Պարզվեց, որ այն կարող է պայթել՝ շատ վտանգավոր հետեւանքներ ունենալով ամբողջ Կովկասի, Մերձավոր Արեւելքի եւ նույնիսկ՝ Եվրոպայի համար: Իսկ եթե հաշվի առնենք, թե ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները որքան վատ վիճակում են գտնվում, ապա խնդրի սրումը կարող է իսկապես վատագույն հետեւանքներ ունենալ»:

Ադրբեջանական բանակի լուրջ հզորացմանը հանդիսանում է բանակցելու եվս մեկ պատճառ.

«Այսպիսով, Հայաստանը, որը նախկինում կարող էր իրեն թույլ տալ չբանակցել, այսօր նման բան անել չի կարող»:

Հիշեցնենք, որ վերջերս ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Խնդիրը քննարկվել է նաեւ Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցած մի շարք երկկողմ հանդիպումների ընթացքում: Սթիվեն Բլանքի խոսքով, դեռեւս պարզ չէ, թե ինչ համաձայնություններ կարող են ձեռք բերվել: Սակայն, համոզված է վերլուծաբանը, համաձայնությունը կարող է վերաբերել խնդրի հիմնարար սկզբունքներին.

«Դատելով նրանից, ինչ մենք լսել ենք մինչ օրս, կարող եմ ասել, որ համաձայնությունը հավանաբար խորքային է այլ ոչ՝ մակերեսային»:

Բլանկն անհանգստացած է նաեւ, որ Մոսկվայի ձեռքում համաձայնությունը բերելու է տարածաշրջանին ոչ թե խաղաղություն այլ՝ նոր պատերազմ.

«Եթե այս կարգավորումը մշակված է Ռուսաստանի կողմից, ապա այն ոչ մի կերպ չի կարգավորի Կովկասում անկայունության արմատական պատճառները, մինչդեռ Միացյալ Նահանգների կողմից մշակված կարգավորումը կլուծեր այդ հարցը: Պատճառն այն է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման մեջ, այն հետաքրքրված է հակամարտությունները կառավարելու եւ դրանցից օգուտ քաղելու մեջ»:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այն եզակի խնդիրներից մեկն է, որի շուրջ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ շարունակվում է դրական համագործակցությունը:

XS
SM
MD
LG