Պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվայում ԱՄՆ-ի դիվանագետների հետապնդումների հարցը քննարկել է Պուտինի հետ մարտի 24-ին անցած հանդիպման ընթացքում, նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Անցած երկու տարիների ընթացքում Մոսկվայում մեր դիվանագիտական անձնակազմի հետապնդումներն ու հսկողությունը տեղի անվտանգության ծառայությունների եւ ճանապարհատրանսպորտային ոստիկանության կողմից զգալի ավելացել են: Նույն միջադեպերի մասին հաղորդել են Արեւմտյան այլ երկրների դեսպանությունները», - նշել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի բաժնի պետ Էլիզաբեթ Թրուդոն:
Նա նշել է, որ Միացցյալ Նահանգները լուրջ է ընդունում նման բոլոր միջադեպերը եւ արձագանքելու է նրանց միջազգային իրավունքով սահմանված միջոցներով:
Ինչ վերաբերում է Մոսկվայի հայտարարություններին, թե ռուսաստանյան դիվանագետները Միացյալ Նահանգներում նույն վերաբերմունքի են արժանանում, Թրուդոն դրանք հերքել է.
«Ռուսաստանի կողմից արված՝ ԱՄՆ-ում իրենց դիվանագետների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ հայտարարությունները անհիմն են»:
Նշենք, որ հունվարին Վաշինգտոնը ռուսական վեց պատվո հյուպատոսներից հինգին զրկել է հավատարմագրումից` ի պատասխան Մոսկվայում ամերիկյան դիվանագետների նկատմամբ հետապնդումների։ Իր հերթին՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Միացյալ Նահանգներին Ամերիկայում և այլուր ռուսական դիվանագետներին սադրելու մեջ:
Պատվո հյուպատոսները, որպես կանոն, ԱՄՆ քաղաքացիներ կամ գրին քարտ ունեցող անձինք են, ովքեր հյուպատոսական ծառայություններ են իրականացնում: Էլիզաբեթ Թրուդոյի խոսքով, հինգ հյուպատոսները գտնվում էին Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում, Մինեսոտայում, Յուտայում և Պուերտո Ռիկոյում։
Այն հարցին, թե արդյոք ամերիկացի դիվանագետների նկատմամբ հետապնդումները տեղի են ունեցել միայն Մոսկվայում, Պետքարտուղարության ներկայացուցիչը պատասխանել է, որ հստակ տեղեկությունների չի տիրապետում։
Չնայած Իրանի միջուկային գործարքի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցությանը՝ երկու երկրների միջև լարվածությունը սրվել է 2014 թվականին Ղրիմի բռնակցման և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին Մոսկվայի աջակցության պատճառով։