Մատչելի հղումներ

Ինչ է նշանակում Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի խորհրդարանի կողմից


՝՝Ցասումը պատում է թուրքերին, երբ ինչ որ մեկը ճշմարտությունն է խոսում Թուրքիայի խավար անցյալի մասին։ Ու դա նրանց համար արդեն դարձել է սովորական՛՛։ Այսպես է սկսում իր խմբագրականը ՝՝Նյու Յորք Թայմս՛՛ թերթի խմբագրականը։ ՝՝Եվ ամեն անգամ Թուրքիան հետ է կանչում իր դեսպանին, երբ ինչ որ երկիր համարձակվում է հայերի ջարդն անվանել ՝՝ցեղասպանություն՛՛, շարունակում է խմբագրականը, ավելացնելով, որ որքան աշխարհն ավելի շատ է ճանաչում Ցեղասպանությունը, այնքան ավելի մեծ աղմուկ է բարձրացնում Թուրքիան։ ՝՝Իսկ հարեւան Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները վնասելու պատասխանատվությունն ընկնում է այն թուրքերի վրա, որոնք հրաժարվում են ընդունել իրենց իսկ պատմության մութ կետերը՛՛։

Անկարան պնդում է, որ 1915-ին տեղի ունեցածը հավաքական ողբերգություն էր, այլ ոչ թե կազմակերպված ցեղասպանություն։

Գերմանիայի խորհրդարանում գրեթե միաձայն ընդունված որոշումը, ըստ որի 1915 թվականի իրադարձությունները որակվում են ՝՝ցեղասպանություն՛՛, բողոքի ալիք բարձրացրեց Թուրքիայում։ Ցուցարարները ձվեր ու քարեր էին նետում դեպի Անկարայում Գերմանիայի դեսպանատունը եւ Ստամբուլում՝ հյուպատոսարանը։

՝՝Անընդունելի է, որ երկար ժամանակ մեզ բարեկամ համարվող երկիրը, անտեսելով պատմական փաստերը, դիմում է քաղաքական քայլի, հարց, որի շուրջ պիտի խոսեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ՝ պատմաբանները՛՛, ասում է դեսպանատան առջեւ անցկացված ցույցի կազմակերպիչներից Իսմաիլ Քոնչուկը։

Քվեարկությունից անմիջապես հետո խիստ խոսքերով հանդես եկան Թուրքիայի նախագահն ու վարչապետը։ Վարչապետ Բինալի Յիլդիրիմը կատարվածի համար, մեջբերում եմ, ՝՝մեղավոր է հայկական ռասիստական լոբբին՛՛։ Սակայն հաջորդ օրն իսկ նա հայտարարեց, որ չնայած դեսպանին հետ կանչելու քայլին, Թուրքիան Գերմանիային շարունակում է համարել իր կարեւոր դաշնակիցը։ ՝՝Այս որոշման պատճառով չեն կարող տուժել գերմանաթուրքական հարաբերությունները՛՛, հայտարարեց նա։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի խոսքերով. ՝՝Գերմանիայի որոշումն ուժեղ հարված էր Թուրքիայի ժխտողականությանը։ Երկիր, որն այսօր մեկուսացված է ավելի, քան որեւէ ժամանակ՝ ճշմարտությունը մերժելու, արդարությունը խոչընդոտելու պատճառով։ Գերմանիայի որոշումը նաեւ մեծ ուշադրություն է հրավիրում ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու քաղաքականության վրա՛՛։

Ինչպես լրատվական միջազգային գործակալություններն են տեղեկացնում, Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումից հետո Երեւանում շատերը շտապեցին դեպի Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դնելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակին նվիրված հուշահամալիրում։

՝՝Գերմանիայի որոշումը կարեւոր է ու անհրաժեշտ, եթե աշխարհում կա ճշմարտություն՛՛, ասում են այստեղ ժամանած անձինք։
Խորհրդարանի անդամներից Սամվել Ֆարմանյանն էլ գտնում է, որ այս որոշումը կարեւոր էր հատկապես այն պատճառով, որ որոշումը կայացվում է Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայի դաշնակից պետության կողմից։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում քաղաքական գիտությունների պրոֆեսոր, փորձագետ Չենգիս Աքթարն ասում է, Գերմանիայի խորհրդարանում սա նոր հարց չէր։ Այն բարձրացվել էր դեռեւս 2ՕՕ5 թվականից։

՝՝Որոշումը միայն Հայոց ցեղասպանության մասին չէ, այլ նաեւ՝ այդ հարցում Գերմանիայի կայսրության մասնակցության։ Այնպես որ իմ կարծիքով, որոշման նկատմամբ պաշտոնական ու հասարական արձագանքը մի քիչ տարօրինակ է՛՛։

Հիշելով նախորդ տարիներին Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների որոշ բարելավման փաստը՝ փորձագետն ավելացնում է.

՝՝Հիմա սակայն այս արձագանքը ցույց է տալիս, որ Թուրքիան հետ է վերադարձել դեպի իր հին քաղաքականությունը, հերքելով մարդկանց կրած տառապանքը, քաղաքականություն, ինչին որեւէ մեկն այլեւս չի հավատում ու չի կարող հավատալ՛՛։

՝՝Ի պաշտպանություն քրիստոնյաների՛՛ կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նինար Քեյրուզի խոսքերով եւս, այս որոշումը կարող է կարեւոր ազդեցություն ունենալ Օբամայի վարչակազմի վրա։

՝՝Մեր կազմակերպության զեկույցը կարեւոր դեր խաղաց այն բանի համար, որ ԱՄՆ-ը Սիրիայում եւ Իրաքում ՝՝Դաեշ՛՛-ի կողմից քրիստոնյաների դեմ իրականացվող ջարդը ճանաչեր որպես ցեղասպանություն։ Դարֆուրից հետո այն ԱՄՆ-ի կողմից ճանաչված երկրորդ ցեղասպանությունն է, եւ Գերմանիան կարող է այս հարցում խրախուսել ԱՄՆ-ին՝ դիմելու նույն քայլին՛՛։

Նինար Քեյրուզի խոսքերով, ցեղասպանությունները ճանաչելով ու դատապարտելով են կանգնեցվում ներկա ու կանխվում ապագա ցեղասպանությունները։

՝՝Իսկ այն, ինչ կատարվում է հիմա Մերձավոր Արեւելքում, չի բխում ԱՄՆ-ի շահերից։ ԱՄՆ-ին հարկավոր չէ անկայուն Մերձավոր Արեւելք, ինչը լի է ահաբեկչությունն այլ երկրներ ու նաեւ ԱՄՆ տեղափոխելու վտանգով՛՛։

Ցեղասպանությունները դատապարտելու ու կանխելու գործին լծված ՝՝Genocide Watch՛՛ կազմակերպութան հիմնադիր եւ նախագահ Գրեգորի Ստենթոնն էլ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասում է, թե.

՝՝Այս որոշման կարեւորությունն այն է, որ այն ընդունվել է իր ցեղասպանությունը ճանաչած երկիրը։ Եվ սա է, որ պիտի օրինակ ծառայի այն երկրների համար, որոնք իրականացրել են ցեղասպանություն անցյալում ու դեռեւս չեն ընդունել այն։ Սա նաեւ կարեւոր ուղերձ է հենց Թուրքիայի ժողովրդին, որ եկել է ճանաչելու ժամանակը՛՛։

Ցեղասպանությունների հարցերով գիտնականների միջազգային ընկերակցության նախկին նախագահ Գրեգորի Ստենթոնը վստահ է, որ չդատապարտված հանցանքը ունի կրկնվելու մեծ հավանականություն։

Այս կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, չճանաչված ցեղասպանությունը նույն տարածքում կրկնվելու հավանականությունը ավելի քան եռապատկվում է։

XS
SM
MD
LG