Մատչելի հղումներ

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են ԼՂ հարցերով միջազգային քննչական մեխանիզմ ստեղծել


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնել են Լեռնային Ղարաբաղի գոտում ստեղծել հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմ: Այս մասին ասված է հայտարարության մեջ, որն ընդունվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի նախարար Հարլեմ Դեսիրի եւ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հետագա բռնության հնարավորության նվազեցման նպատակով, նրանք համաձայնել են հնարավորին հակիրճ ժամկետներում վերջնական համաձայնության գալ ԵԱՀԿ-ի քննչական մեխանիզմների շուրջ: Նախագահները համաձայնության են եկել նաեւ ընդլայնել Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ-ի գործող նախագահողի հատուկ ներկայացուցչի գրասենյակի անձնակազմը»:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են նաեւ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել հունիսին եւ միմյանց հետ տեղեկություններ փոխանակել անհետ կորած անձանց վերաբերյալ:

Պետքարտուղար Քերրիի հետ Վիեննայում գտնվող «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Փամելա Դոքինզի հաղորդմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ հանդիպումները անցնում էին դրական մթնոլորտում: Ընդլայնված կազմով հանդիպմանը նախորդել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ պետքարտուղար Քերրիի դեմ առ դեմ հանդիպումները, որոնք թեեւ հակիրճ էին, յուրաքանչյուրը շուրջ 20 րոպե, սակայն՝ բավականին հագեցած: Թղթակցի խոսքով, հանդիպումների ընթացքում Միացյալ Նահանգները փորձում էր կողմերին դեպի խաղաղություն ուղղորդել.

«Միացյալ Նահանգները ցանկանում է, որ երկու երկրները վերահաստատեն իրենց հավատարմությունը 1994 թվականի հրադադարի համաձայնագրին եւ բանակցային գործընթացին, որի նպատակն է՝ համապարփակ կարգավորումը»:

Այսօր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Ջոն Քըրբին ընդգծել էր, որ Ջոն Քերրին նախատեսում է քննարկել հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ փոխվստահության ամրապնդման միջոցները եւ համապարփակ կարգավորման համար բանակցությունների վերսկսման հեռանկարները.

«Խնդիրներից մեկը, որը պետքարտուղարը միանշանակ ցանկանում է քննարկել, վերաբերում է նրան, թե ինչպես պետք է լավագույն կերպով նվազեցնել լարումը, կրճատել բռնությունները, որոնք, ցավոք սրտի, շարունակվում են: Գոյություն ուներ 1994 թվականին կնքված հրադադար, որն ակնհայտորեն չի պահպանվել: Այնպես որ, չափազանց փխրուն անվտանգությունն այդ շրջանում պետքարտուղարի անհանգստության առարկան էր, եւ նա ցանկանում է ուղիներ գտնել՝ լարվածության նվազեցման համար»:

Ավելի վաղ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան, գնդապետ Ռիչարդ Օթզենը նշել էր, որ Վաշինգտոնում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումներով.

«Մենք տեսնում ենք, որ փորձ է արվում ռազմականացնել խնդիրը, այլ ոչ թե փորձել այն դիվանագիտության միջոցով լուծել: Դա իր հերթին նեղացնում է կողմերի ազատությունը եւ ճկունությունը, թողնելով առաջնորդներին մանեւրելու շատ նեղ հնարավորություններ»:

Վերլուծաբանի խոսքով, ԱՄՆ-ին անհանգստացնում է նաեւ Ռուսաստանի կողմից հակամարտության կողմերի շարունակական զինումը, մինչդեռՎաշինգտոնում համոզված են, որ հարցը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով:

Այդ մասին է պատմում պետքարտուղարի աշխատակազմի հետ Վիեեննա մեկնած «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը: Փամելա Դոքինզի խոսքով, հանդիպմանը մասնակցելու պետքարտուղարի կարեւոր նպատակներից մեկը խաղաղ բանակցությունները խթանելն է.

«ԱՄՆ-ի պաշտոնյան մեզ հետ զրույցում ընդգծել է նաեւ, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ երկու նախագահները համաձայնեն քայլեր ձեռնարկել, որոնք կբերեն շփման գծում լարվածության նվազեցմանը»:

Խաղաղ բանակցությունների կարեւորության մասին նույն օրը խոսել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով, միջնորդները հույս ունեն, որ նախագահները կհամաձայնեն առաջ շարժվել՝դեպի ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ եւ համապարփակ կարգավորում:

Անդրադառնալով խաղաղ բանակցությունների կարեւորությանը` պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քըրբին ասել է, որ ամերիկյան կողմը տեսնում է, թե որքանով են ավելացել բռնությունները, տեսնում է, որքան է սրվել լարվածությունը, եւ փորձում է օգնել, գտնել լարվածությունը մեղմելու ուղիներ.

«Մենք միշտ հետաքրքրված ենք եղել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմամբ, հարցը միջնորդության մեջ չէ: Մեզ համար կարեւոր է տեսնել, որ լարվածությունը նվազում է, որ բռնությունները դադարում են, հրադադարը պահպանվում, եւ որ կողմերն աշխատում են ավելի լավ արդյունքի հասնելու համար՝ քաղաքական երկխոսության եւ բանակցությունների միջոցով: Հենց սա է, որ մենք ցանկանում ենք խթանել»:

XS
SM
MD
LG