Մատչելի հղումներ

Սիրիայի Աֆրին քաղաքում մեծաթիվ փախստականներ են կուտակվում


Այս փախստականներն ամիսներ շարունակ բնակվում էին Սիրիայի Հալեպ քաղաքի մոտ գտնվող Ազազ քաղաքի արվարձաններում՝ փախստականների ճամբարում: «Դաեշ»-ի ահաբեկիչների դեմ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով ստիպված էին տեղափոխվել համեմատաբար անվտանգ Աֆրին, որը, սակայն, պատրաստ չէ մեծ թվով փախստականներ ընդունել:

«Մենք մեր քաղաքը լքել ենք ռմբակոծումների պատճառով, տեղափոխվել Ազազ, սակայն, այնտեղից էլ էինք ստիպված փախչել պատերազմի պատճառով: Եկանք Աֆրին, բայց այստեղ մեր վիճակը շատ վատ է: Ոչինչ չունենք», - պատմում է փախստական Օմ Օմարը:

Կյանքն իրոք շատ բարդ է այստեղ: Տեղի քրդական իշխանությունները չափազանց սահմանափակ ռեսուրսների են տիրապետում, իսկ ջերմաստիճանը գնալով բարձրանում է: Աֆրինի տեղական իշխանությունները կոչ են անում միջազգային կազմակերպություններին աջակցություն ցուցաբերել փախստականներին:

«Միայն երեկ Աֆրին է ժամանել եւս 150 ընտանիք: Մենք նրանց ընդունում ենք, սակայն, իրավիճակը շատ բարդ է, քանի որ մենք ինքներս մեզ չգիտենք ինչպես ապահովենք», - ասում է Աֆրինի քաղաքապետարանի աշխատակից Արիֆե Բաքիրը:

Տեղական իշխանությունների խոսքով, միջազգային կազմակերպություններից եւ ոչ մեկը դեռ չի արձագանքել նրանց կոչերին, մինչդեռ, փախստականների հոսքը քաղաք շարունակվում է:

XS
SM
MD
LG