Միջազգային մամուլում ակտիվորեն քննարկվում է հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը Ղարաբաղում ու մարտական գործողությունների ուժգնացումը:
«Նյու Յորք Թայմզում» հրապարակված «Հայաստանի և Ադրբեջանի միջև ազգամիջյան հակամարտությունը նորից բռնկվում է» հոդվածում հեղինակը անդրադառնում է Ստեփանակերտում հարյուրավոր հայ կամավորականների ժամանմանը, որոնք մտադիր են կռվել Ադրբեջանի դեմ: Հոդվածի հեղինակ Էնդրու Քրամերը նշել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Գասանովի կողմից արված այն սպառնալիքի մասին, որ եթե հայկական կողմը չդադարեցնի ադրբեջանական բնակավայրերի գնդակոծումը, ապա Ադրբեջանը ռազմական հարված կհասցնի Ստեփանակերտին:
«Լոս Անջելես Թայմզ»-ում հրապարակված Աիդա Սուլթանովայի «Լեռնային Ղարաբաղում հրադադարը մեծապես պահպանվում է» հոդվածում բավականին մանրամասնորեն նկարագրվում է Ղարաբաղյան հակամարտության պատմությունը ու նշվում, որ Ռուսաստանը զենք է մատակարարում ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին՝ փորձելով ավելի մեծ ազդեցություն ստանալ կողմերի հանդեպ և ապա՝ միջնորդի դերում հանդես գալիս: Նա նշել է, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի դաշնակիցը, վատ է վերաբերվում այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումներին՝ մեջբերելով Անգելա Մերքելի հետ անցկացված հանդիպումից հետո Սերժ Աարգսյանի խոսքերը, որ ինքը «ցավում» է Ռուսաստանի նման կեցվածքի համար:
«Վաշինգտոն Փոսթ» թերթում հրապարակված «Ահա այն հինգ բաները, որ ձեզ անհրաժեշտ է իմանալ Լեռնային Ղարաբաղի մահաբեր կռվի մասին» Ջերարդ Թոալի և Ջոն Օ՛Լոգլինի համատեղ հոդվածում հեղինակները ներկայացնում են ապրիլի 1-ից հետո բռնությունների ծավալների աննախադեպ ուժգնացումը: Նրանք շեշտում են, որ Ղարաբաղի հայերը պատրաստ չեն փոխզիջումների և պահանջում են Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքը ամբողջությամբ թողնել իրենց վերահսկողության տակ: Սակայն նշում են նաև, որ սա գրեթե միակ հակամարտությունն է նախկին Խորհրդային Միության տարածքում, որում Ռուսաստանը անմիջականորեն ներգրավված չէ, թեև երկու կողմին էլ զենք է մատակարարում: Հեղինակները այս հոդվածում շեշտում են հակամարտության պայթյունավտանգ լինելու հանգամանքը ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև՝ համամոլորակային տիրույթում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հնարավոր ներգրավումը այս հակամարտության մեջ:
«Ալ Ջազիրա» լրատվական գործակալությունը հրապարակել է Մուրադ Գասանլիի «Լեռնային Ղարաբաղ. Հակասող պատմություններ» հոդվածը: Հեղինակը նշում է հակամարտության երկար պատմություն ունենալու հանգամանքը, և որ չնայած միջազգային համայնքի կարծիքով այն Ադրբեջանի մաս է կազմում, տեղի հայերը իննսունակաների պատերազմից ի վեր Հայաստանի օգնությամբ այստեղ ինքնուրույնություն են ձեռք բերել՝ վտարելով Ադրբեջանի բանակը:
«Լոս Անջելես Թայմզ»-ում հրապարակված Բրայան Փարքի «Հայերը ցույց են անցկացնում Գլենդելում՝ բողոքելով Լեռնային Ղարաբաղում բռնությունների ծավալման դեմ» հոդվածում՝ հեղինակը պատմում է Գլենդելում Հայաստանի հյուպատոսության առջև մոտ 500 ցուցարարների անցկացրած բողոքի ցույցի մասին։Թերթը նշում է, որ Հայ երիտասարդաց դաշնակցությունը ուրբաթ օրը կեսօրին պատրաստվում է ցույց անցկացնել նաեւ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առջև: