Միացյալ Նահանգների հայկական խոշոր կազմակերպությունները` Ամերիկայի հայ դատի հանձնախումբը եւ Ամերիկայի հայկական համագումարը լուրջ աշխատանք են սկսել ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հետ՝ Ադրբեջանի գործողությունների դեմ:
Այսպես, Ամերիկայի հայկական համագումարից «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են, որ Համագումարը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիին, որում կոչ են անում ԱՄՆ-ին վերականգնել Ազատության աջակցության ակտի 907 ենթաբաժինը, որն արգելում է Միացյալ Նահանգներին որեւէ օգնություն տրամադրել Ադրբեջանին:
Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը նամակում ընդգծել են, որ Միացյալ Նահանգների կողմից չի կարող տրամադրվել որեւէ օգնություն Ադրբեջանին «այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել թշնամական գործողությունները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ եւ չի համաձայնել հետեւել հակամարտության խաղաղ կարգավորման ուղուն»:
Ամերիկայի հայկական համագումարի կարծիքով, Միացյալ Նահանգների կողմից պետք է ձեռնարկվեն իրական եւ արդյունավետ քայլեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող խաղաղ գործընթացին ի նպաստ:
Իր հերթին, Ամերիկայի հայ դատի հանձնախումբը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի հանրապետական եւ դեմոկրատ ղեկավարներին՝ կոչ անելով նրանց պահանջել հրապարակել ԱՄՆ-ի հետախուզական արբանյակների եւ այլ հատուկ ծառայությունների տվյալները՝ ապրիլի 2-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած բախումների նախօրեին զինվորական պատրաստությունների վերաբերյալ:
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակում մասնավորապես նշում է, որ բախումների նախօրեին Վաշինգտոնում հանդիպումներ անցկացնող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրականում նախապատրաստվում էր ռազմական գործողությունների Ղարաբաղում: «Միացյալ Նահանգների վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելիս, այդ պաշտոնյան [Իլհամ Ալիեւը՝ ԱՁ] խոշոր գրոհ էր նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի դեմ, որը ամերիկյան օգնություն է ստանում եւ մասնակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացիn», - նշված է Րաֆֆի Համբարյանի նամակում:
Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն պնդում է, որ «Ադրբեջանը իրավունք ուներ ազատագրելու սեփական տարածքները»: