Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնության եկան Սիրիայում ռազմական գործողություններն ընդհատելու շուրջ


Ռազմական գործողություններն ընդհատելու մասին համաձայնությունն ուժի մեջ կմտնի եկող շաբաթ օրը։ Այդուհանդերձ, համաձայնագրի շատ հարցեր շարունակում են մնալ անորոշ։

Համաձայնագրի շրջանակներում, Սիրիայի կառավարական ուժերին սատարող Ռուսաստանը եւ Սիրիայի չափավոր ընդդիմությանը սատարող ԱՄՆ-ը պատրաստ են համագործակցել։ Համաձայնագիրը չի ընդգրկում ՛՛Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական խմբավորմանը, ալ- Քաիդայի հետնորդ ալ Նուսրա խմբավորմանն ու բոլոր այն ուժերին, որոնք որակավորված են որպես ահաբեկչական ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն օդային հարվածներ հասցնել այս ուժերին։ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակեց հինգ էջից բաղկացած համաձայնագիրը նախագահներ Օբամայի եւ Պուտինի հեռախոսային զրույցից հետո։ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին հայտարարեց Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի մասին Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսային զրույցից հետո։

՛՛Մենք այժմ ավելի մոտ ենք հրադադարի հաստատմանը, քան երբեւէ անցյալում՝՝,- հայտարարել է ԱՄՆ-ի արտգործնախարարը։ Այդուհանդերձ զինադադարի հաստատումը չի նշանակում պատերազմի դադարեցում Սիրիայում։

"Իսլամական պետություն"-ը շարունակելու է մարտնչել իր ինքնակոչ խալիֆաթի համար Սիրիայում եւ Իրաքում, ալ-Նուսրան չի պատրաստվում դադարեցնել Ասադին գահընկեց անելու իր ջանքերը, քրդերն էլ շարունակելու են մարտնչել Դաեշի դեմ Թուրքիայի հետ առճակատման ներքո։

Համաձայնության շրջանակներում կգործի ՛՛հաղորդակցման թեժ գիծ՝՝: Անհրաժեշտության դեպքում կկազմվի նաեւ աշխատանքային խումբ Ռուսաստանի եւ ԱՄՆ- ի գլխավորությամբ Սիրիրայում խաղաղության գործընթացին նպաստող աշխատանքներ վարելու եւ կողմերից հաղորդագրություններ ստանալու նպատակով։

XS
SM
MD
LG