Մատչելի հղումներ

Եվրոպան հորդորում է Թուրքիային բացել սահմանը Սիրիայից եկող փախստականների համար


Անգելա Մերկելը Անկարայում փորձում է հորդորել Թուրքիայի ղեկավարությանը թույլ տալ տասնյակ հազարավոր սիրիացի փախստականների մուտքը:
Անգելա Մերկելը Անկարայում փորձում է հորդորել Թուրքիայի ղեկավարությանը թույլ տալ տասնյակ հազարավոր սիրիացի փախստականների մուտքը:

Եվրոպան հորդորում է Թուրքիային բացել սահմանը Սիրիայից եկող փախստականների համար: Հատկապես իրավիճակը սրվել է Հալեպի ուղղությամբ Բաշար Ասադին աջակցող զորքերի գրոհի եւ Ռուսաստանի օդային ուժերի ռմբակոծումների արդյունքում, որոնք ստիպել են Ասադին ընդդիմացող տասնյակ հազարավոր սիրիացիների լքել տներն ու փախստական դառնալ: Փախստականների խնդիրների քննարկման համար Անկարայում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Անցած օրերի ընթացքում մեր անհանգստությունը սարսափի վերածվեց, երբ ականատես եղանք տասնյակ հազարավոր մարդկանց դժբախտությունների, որոնց պատճառը հիմնականում Ռուսաստանի կողմից ռմբակոծումներն էին», - ասել է Մերկելը:

Թուրքիայի կառավարությունը փորձում է կանխել սիրիացի նոր փախստականների մուտքը իր տարածք եւ հայտարարում է, որ պատրաստ է փախստականներին օթեւան ապահովել իր սահմանին հարակից շրջանում, սակայն, մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով, տրամադրվող օգնությունը բավարար չէ:

«Կարեւորագույն խնդիրը ապաստանն է: Եղանակը շատ ցուրտ է եւ անձրեւոտ: Հնարավոր է՝ ձյուն էլ գա: Անցած ժամանակաշրջանում արդեն 20 երեխա ցրտահարությունից մահացել է այստեղ: Դա բացառելու համար ապաստան է անհրաժեշտ», - ասում է Թուրքական մարդասիրական օգնության հիմնադրամ կազմակերպության ներկայացուցիչ Բուրակ Քարաչաօղլուն:

Ներկայումս թուրք-սիրիական սահմանի երկայնքով հավաքվել է սիրիացի շուրջ 35,000 փախստական: Եվրոպական Միությունը շարունակում է հորդորել Թուրքիային, որ այն թույլ տա բոլոր փախստականներին մուտք գործել իր տարածք, սակայն, Անկարան փորձում է փախստականներին պահել սահմանին՝ Սիրիայի տարածքում: Հիշեցնենք, որ Եվրամիությունը Թուրքիային արդեն խոստացել է 3 միլիարդ դոլարից ավելի տրամադրել, որպեսզի Թուրքիայի իշխանությունները փախստականներին օգնություն տրամադրեն իրենց տարածքում եւ թույլ չտան փախստականների մուտքը Եվրոպա:

XS
SM
MD
LG