Թուրքիայի հարավ-արևելյան հատվածի փոքր Չնար քաղաքի անդորրը խախտել է գիշերային պայթյունը: Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները հինգշաբթի երեկոյան պայթեցրել են ոստիկանական բաժանմունքը և հարակից շինությունները: Անվտանգության աշխատակիցների տրամադրած տվյալներով օգտագործվել է 1.5 տոննա պայթուցիկ: Ռումբի պայթյունին հաջորդել են գրոհայինների արձակած կրակոցները:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հավաստիացրել է, որ Թուրքիան կշարունակի պայքարել ամեն տեսակի ահաբեկչության դեմ, Չնարի զոհերի շարքում է եղել հինգ ամսեկան մի փոքրիկ:
Անվտանգության աղբյուրների տվյալներով պայթյունի հետևանքով զոհվել է երեք երեխա, մեկ ոստիկան, երկու անհայտ անձ և վիրավորվել է 39 մարդ, ներառյալ վեց ոստիկան:
1984 թվականին Քրդական աշխատավորական կուսակցություն խմբավորման հիմնադրումից ի վեր հակամարտությունները մեծամասամբ ծավալվել են երկրի գյուղական տարածքներում, սակայն վերջին շրջանի հարձակումները կենտրոնացած են քաղաքային տարածքներում: Խմբավորման ձևավորումից ի վեր Թուրքական ուժերի և խմբավորման գրոհայինների հակամարտությունների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է շարունակել պայքարը Քրդական աշխատավորական կուսակցություն խմբավորման գրոհայինների դեմ մինչև նրանց տապալումը:
Հարկ է նշել, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական խմբավորում է ճանաչվել Թուրքիայի, Միացյալ Նահանգների և Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից: