2Օ16 թվականի ամենշաբաթյա առաջին ուղերձը ԱՄՆ-ի նախագահը սկսեց բոլորին ուղղված Նոր Տարվա շնորհավորական խոսքերով: Այնուհետեւ նա ամփոփեց անցած տարիները` նշելով, որ յոթ տարի առաջ Ամերիկան ամեն ամիս կորցնում էր 8ՕՕ հազար աշխատատեղ, սակայն այսօր արդեն 69 ամիս շարունակ այստեղ նոր աշխատատեղեր են բացվում, ինչի արդյունքում գործազրկության մակարդակը նախկին 1Օ-ից անկում է ապրել մինչեւ 5 տոկոսը:
“Յոթ տարի առաջ Ամերիկայում մեծաթիվ մարդիկ չունեին բժշկական ապահովագրություններ: Այսօր բժշկական ապահովագրություններ ունեցող անձանց թիվն ավելացել է 17 միլիոնով”:
Նախագահի խոսքերով, յոթ տարի առաջ ԱՄՆ-ը կախված էր օտար երկրներից ներկրվող նավթից:
“Այսօր ներկրումների ծավալները մեծապես կրճատվել են, մաքուր էներգիա արտադրող կայաններն ԱՄՆ-ում ծաղկում են ապրում եւ Ամերիկան դառնում է կլիմայական փոփոխությունների դեմ համաշխարհային պայքարի առաջամարտիկը”:
Բարաք Օբաման նշում է, որ յոթ տարի առաջ ԱՄՆ-ում միայն երկու նահանգ էր ապահովում ամուսնության հավասար իրավունքներ, այժմ դա են ապահովում ԱՄՆ-ի բոլոր 5Օ նահանգները:
“Իսկ այս բոլոր առաջընթացները հնարավոր է եղել իրականացնել ձեր միջոցով: Եվ դեռ շատ բաներ ունենք անելու ու այս տարի ես ինքս շարունակելու եմ առաջ շարժվել դեռեւս կիսատ մնացած աշխատանքներն ավարտին հասցնելու համար”:
Իր ուղերձում ԱՄՆ-ի նախագահը հատուկ տեղ հատկացրեց հրազենի ազատ վաճառքի խնդրին` հայտարարելով, որ հրազենային բռնություններն այստեղ վերածվում են համաճարակի:
“Սակայն Կոնգրեսը դեռեւս ոչինչ չի արել: Երեք տարի առաջ ներկայացված օրենքի նախագիծը պահանջում էր հրազեն վաճառելու դեպքում ստուգել գնորդի բժշական ու քրեական բոլոր տվյալները, օրինագիծ, որին հավանություն էր տալիս բնակչության 9Օ տոկոսը: Սակայն Սենատն էր, որն արգելեց օրինագծին վերածվելու օրենքի”:
Օբաման հայտարարեց, թե այդ ուղղությամբ ինքն աշխատանքները չի ավարտում եւ հանդիպելու է երկրի արդարադատության նախարարին` քննարկելու հրազենի վաճառքը կրճատելու հետ կապված հարցեր:
Օբաման խոստացավ իր իրավունքների սահմաններում անել հնարավորը` նախագահի գործադիր իշխանության միջոցներով հրազենային վերահսկողություն սահմանելու համար: