Մատչելի հղումներ

Անմշակ նավթի գների անկումը բացասաբար է անդրադառնում որոշ երկրների տնտեսությունների վրա


Անմշակ նավթի գների անկումը բացասաբար է անդրադառնում որոշ երկրների տնտեսությունների վրա
Անմշակ նավթի գների անկումը բացասաբար է անդրադառնում որոշ երկրների տնտեսությունների վրա

ԱՄՆ-ում նավթի գինը շարունակում է անկում ապրել: Մասնագետների կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ սպառողների համար վառելիքի գնի նվազումը ցանկալի նորություն էր, այն բացասաբար է անդրադառնում վառելիք արտահանող երկրների տնտեսությունների վրա:

Միացյալ Նահանգներում նավթի գները ավելի քան տասը տարի այսքան ցածր չեն եղել: Մեկ լիտր բենզինի միջին գինն այժմ 53 ցենտ է:

Բենզալցակայանի հաճախորդը ասում է,- «Մեկ տարի առաջ մեքենաս լիցքավորելու համար անհրաժեշտ էր 50 դոլար, սակայն այժմ 36 դոլարը բավարար է»:

Ամերիկայի ավտոմոբիլային ընկերակցության խոսնակ Ռոբերտ Սինքլերի խոսքերով, նավթի գների անկումն ԱՄՆ-ի տնտեսությանը 115 միլիարդ դոլարի աճ կապահովի, կամ յուրաքանչյուր վարորդ տարեկան 555 դոլար կխնայի։

Ռոբերտ Սինքլերը ասում է,- «Կարծում ենք, որ գնի անկումը շարունակվելու է, ու անմշակ նավթի դեռևս մեծ ավելցուկ կա: Հաջորդ ամիսների ընթացքում, կարող ենք նկատել նավթի գնի ևս 25-30 ցենտի նվազում»:

Ըստ տնտեսագետ Ֆրեդ Բերգսթենի, նավթ արտահանող երկրների վրա դրա գնի անկումը բացասաբար է անդրադառնում:

Ֆրեդ Բերգսթենը ասում է,- «Դրանից տուժում են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան, ԱՄՆ-ի որոշ խոշոր ձեռնարկություններ։ Սակայն դա փոխհատուցվում է սպառողի կողմից վճարվող գումարի կրճատմամբ»:

Քանի որ ապրանքափոխանակության մեծ մասը տեղի է ունենում ԱՄՆ դոլարով, շատերը վառելիքի գնի անկման պատճառ են համարում փոխարժույթի անկումը, սակայն Նյու Յորքի վերլուծաբան Փիթըր Քարդիլլոի կարծիքով, դա պարզապես առաջարկի և պահանջարկի գործընթաց է:

Փիթըր Քարդիլլոն ասում է,- «Եթե նավթի պաշարը գերազանցում է դրա պահանջարկը, ապա բնականաբար գնի անկում պետք է տեղի ունենա»:

Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ նավթի գները կշարունակեն անկում ապրել նաև 2016 թվականին:

XS
SM
MD
LG