Մատչելի հղումներ

Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղին նվիրված քննարկում է անցնելու


2016-ի հունվարին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում է կազմակերպելու: Կոնգրեսում կայանալիք քննարկմանը հրավիրված է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը:

«Հաջորդ շաբաթների ընթացքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ դռների հետեւում հարցեր պիտի տա ԵԱՀԿ-ի [ՄԽ] դեսպան Ուորլիքին», - ասում է Չուլջյանը:

Ավելի վաղ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Պետքարտուղարություն նամակ էր ուղղել Միացյալ Նահանգների ազդեցիկ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, որին միացել էր եւս 85 կոնգրեսական:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը կոնգրեսական Ռոյսին ուղղված նամակով աջակցություն է հայտնել զինադադարի պահպանման նոր միջոցներին:

Նշենք, որ ադրբեջանական կողմը պահանջում է շփման գծում նոր սարքավորումներ տեղադրելուց առաջ վերջնական համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Պաշտոնական Բաքվի կարծիքով, հայկական կողմը պետք է "ազատի գրավված տարածքները":

Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը՝ Արտաքին քաղաքականության հետազոտությունների հաստատության վերլուծաբան Մայքլ Սեսիրին նշում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը փոխել է իրավիճակը նաեւ տարածաշրջանում:

«Եթե նախկինում պարզ էր, թե ով ում դաշնակիցն է, ապա այժմ Ադրբեջանն ու նրա դաշնակիցներն այլ ուղղությամբ են ընթանում, եւ դրանց ռազմավարական շահերը աշխարհքաղաքական հակասությունների մեջ են», - նշում է վերլուծաբանը:

Այսպիսով, վերլուծաբանի կարծիքով, Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը Թուրքիան է, սակայն իրականում Անկարայի շահերն այս իրավիճակում ավելի շատ տեղավորվում են Ռուսաստանի եւ Իրանի շահերի մեջ:

XS
SM
MD
LG