Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքի պետական զարգացման կենտրոնում անհայտ անձանց կողմից բացված կրակից զոհվել է առնվազն 14 մարդ:
Կենտրոնը, որի տարածքում բացել են կրակը, զբաղվում է հաշմանդամներին օգնության տրամադրմամբ: Ոստիկանապետի խոսքով, հանցագործները եղել են մեկից երեք հոգի, որոնք կրակ բացելուց քիչ անց հեռացել են մուգ ավտոմեքենայով: Ոստիկաններին եւ հատուկ ծառայություններին դեռեւս չի հաջողվել հայտնաբերել կրակ արձակած հանցագործներին:
Կրակոցներից զոհվել է առնվազն 14 մարդ, վիրավորվել է եւ 14-ը: Նախնական տվյալների համաձայն, հանցագործները զինված են եղել հրացաններով, կրել են դիմակներ եւ զրահաբաճկոններ:
Դեռեւս անհայտ է մնում հիմնական հարցերից մեկը. արդյոք ահաբեկչությունը կազմակերպվել էր Մերձավոր Արեւելքում տեղակայված ահաբեկչական ուժերի կողմից թե՝ Միացյալ Նահանգների ներսում:
Նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում նշել է, որ կրակոցներ արձակած հանցագործների ինքնությունը դեռեւս անհայտ է մնում: «Մի բան սակայն պարզ է. մենք գործ ունենք երկրի ներսում զանգվածային հրաձգության դեպքերի հետ», - ընդգծել է Օբաման: