Մատչելի հղումներ

Ռուսաստանին կարող են թույլ չտալ մասնակցել Ամառային օլիմպիական խաղերին


Ռուսաստանի Դաշնությանը կարող են արգելել մասնակցելու 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին՝ ռուսաստանցի արհեստավարժ մարմնամարզիկների շրջանում լայն տարածում գտած դոպինգի պատճառով: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրում է ՌԴ-ի իշխանություններին եւ մասնավորապես ռուսական հատուկ ծառայություններին՝ երկրի ներսում միջազգային գործակալությունների հակադոպինգային պայքարը խոչընդոտելու մեջ:

Մասնավորապես, հետաքննությունը անցկացրած միջազգային հանձնաժողովի ղեկավար, Համաշխարհային հակադոպինգային գործակալության նախկին նախագահ Դիք Փոնդի խոսքով, Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը տարիներ շարունակ ձախողել է Մոսկվայում գտնվող հակադոպինգային լաբորատորիայի աշխատանքը՝ թույլ չտալով բացահայտել դոպինգ օգտագործած մարմնամարզիկներին:

«Մենք խորհուրդ ենք տալիս թույլ չտալ Ռուսաստանի Դաշնությանը մասնակցել 2016 թվականի խաղերին», - ասել է Փոնդը:

Հանձնաժողովի 300-էջանոց զեկույցում նշվում է նաեւ, որ հաշվի առնելով բացահայտումների աստիճանն ու խորությունը, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանում գործում է մարզիկներին արգելված դոպինգի մատակարարման պետության կողմից հովանավորվող ծրագիր: Դիք Փոնդը միեւնույն ժամանակ կոչ է արել մարզիկներից գլխավոր մեղադրյալներ չսարքել, քանի որ իր խոսքով մեղավոր են առաջին հերթին Ռուսաստանի հատուկ ծառայությունները.

«Շատ դեպքերում, դոպինգի ընդունումը նրանց համակարգի մի մասն էր, քանի որ նրանք այլ ընտրություն չունեին, ու եթե ցանկանում էին մասնակցել մրցումներին, ստիպված էին հետեւել ընդունված ռեժիմին»:

Մարմնամարզիկների ֆեդերացիաների միջազգային ընկերակցության նախագահ Սեբասթիան Սոն հայտարարել է, որ հանձնաժողովի եզրահանգումներն անսպասելի էին իր համար: Ռուսական կողմի հաղորդմամբ սակայն, հանձնաժողովը չի կարող արգելել Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը խաղերում: ՌԴ-ի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի խոսքով, նման իրավասություն հանձնաժողովը չունի:

XS
SM
MD
LG