Մատչելի հղումներ

Կալիֆորնիայում բժիշկներին թույլ են տվել օգնել մահացու հիվանդներին ինքնասպանություն գործել


Կալիֆորնիան պաշտոնապես թույլ է տվել մահացու հիվանդ պարզ մտածողությունը պահպանող մարդկանց բժիշկի օգնությամբ ինքնասպանություն գործել: Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի ստորագրած օրենքը ողջունել են ազատ ընտրության իրավունքի կողմնակիցները.

«Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր ամերիկացի այս հարցի շուրջ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք պետք է ունենա», - հայտարարել է «Կարեկցանք եւ Ընտրություն» արշավի ղեկավար Թոնի Բրադուսը:

Իր որոշման մեջ նահանգապետ Բրաունը, որը նախկինում կաթողիկ դպրոցում է սովորել, նշել է, որ անբուժելի հիվանդություն եւ մահացու ցավեր ունենալու դեպքում ինքն անձամբ կնախընտրեր կյանքին վերջ տալ:

Կալիֆորնիայում նման օրենքի ընդունման վրա մեծ ազդեցություն է ունեցել 29-ամյա Բրիթանի Մեյնարդի օրինակը, որը ուղեղի քաղցկեղ ուներ եւ ցավերի սկսվելուն պես որոշել էր կյանքին, իր խոսքով, արժանապատիվ վերջ տալ, ինչի մասին հայտարարել էր հեռուստատեսությամբ.

«Ես հրաժարվում եմ արժանապատվությունս կորցնել մեռնելուց առաջ»:

Եկեղեցականներն ու հաշմանդամների կազմակերպությունները սակայն այդ որոշմանը դեմ են արտահայտվել: Մարդուն օգնելն ինքնասպանություն կատարելու հարցն անընդունելի է, պնդում է կաթոլիկ եկեղեցին: Հաշմանդամների իրավունքները պահպանող կազմակերպությունների հավաստմամբ, անհրաժեշտ է բարելավել մահացու հիվանդ մարդկանց պայմանները եւ առողջական վիճակը, այլ ոչ թե օգնել նրանց ինքնասպանություն գործել:

Հիշեցնենք, որ առաջիններից մեկը, ով դեռեւս 1990-ականներին անբուժելի հիվանդ եւ ցավերից տառապող մարդկանց օգնում էր ինքնասպանություն գործել ամերիկահայ բժիշկ Ջաք Կեվորկյանն էր, նույն ինքը՝ «Բժիշկ Մահը», որն իր ապօրինի գործունեության համար 1999-ին դատապարտվեց սպանություն կատարելու համար եւ ազատ արձակվեց միայն 2007 թվականին, ներում ստանալուց հետո: Կեւորկյանի գործը սակայն անբուժելի հիվանդ եւ ծանր ցավեր ունեցող մարդկանց ինքնասպան լինելու իրավունքի մասին քննարկումների սկիզբ դրեց ամերիկյան հասարակության մեջ:

XS
SM
MD
LG