Անցած շաբաթ Օրեգոնի Քոլեջում տեղի ունեցավ զանգվածային սպանություն, ինչի հետևանքով զոհվեց տասը ուսանող: Միացյալ Նահանգներում շարունակում են սգալ ուսանողների մահը:
«Ես չգիտեմ թե ինչ եմ զգում հիմա, ես չեմ ցանկանում քոլեջ վերադառնալ»,- ասում է Օրեգոնի քոլեջի ուսանողուհի Սարան:
Հիշեցնենք, որ Օրեգոնի զանգվածային սպանությունից ոչ շատ վաղ տեղի էին ունեցել Հարավային Կարոլինայի եկեղեցում և Քընեքթիքեթի մանկապարտեզում զանգվածային սպանությունները։
«Մենք արդեն ընտելացել ենք այս ամենին»,- ասում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Բարաք Օբաման, որը չէր կարողանում թաքցնել զայրույթը, պահանջում է համապատասխան գործողություններ ձեռնարկել, զենքի վաճառքի ներկայիս իրավիճակը շտկելու համար:
«Այն, որ մենք թույլ ենք տալիս այս ամենը, քաղաքական ընտրություն է: Մենք բոլորս միասին պետք է պատասխան տանք զոհերի ընտանիքներին, քանի որ ոչինչ չենք ձեռնարկում այս ամենից խուսափելու համար»,- ասում է ԱՄՆ-ի նախագահը։
Բարաք Օբամային նախագահի պաշտոնում փոխարինելու նպատակ ունեցող գործիչները նույնպես ներկայացնում են իրենց տեսակետներն այս հարցի շուրջ։ 2016 թվականի նախագահի ընտրությունների թեկնածու Հիլարի Քլինթոնը ասում է, որ իր կարծիքով կարելի է խելամիտ օրենքներ հաստատել, որոնք կխոչընդոտեն զանգվածային դաժան սպանությունների իրականացումը :
Սակայն Հանրապետական կուսակցության անդամներից Թեդ Քրուզը սակայան ամենևին չի համաձայնում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:
«Օրինախախտներին մատնանշելու փոխարեն, նախագահը անմիջապես քաղաքականացրեց այս ողբերգությունը: Նա փորձում է, սահմանադրական իրավունքներից զրկել օրինապահ քաղաքացիներին»,- ասում է նախագահի թեկնածու Թեդ Քրուզը:
Հանրապետական կուսակցության նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Ջեբ Բուշի խոսքերով, միշտ չէ, որ անհապաղ փոփոխություններ ձեռնարկելը ճիշտ որոշումն է:
2013 թվականին զենքի կիրառման կողմնակիցների կողմից, Սենատում մերժվեց զենքի խստացման օրենքի նախագիծը: Մինչ այսօր ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ կոնգրեսականների մեծ մասը դեմ է զենքի խստացման օրենքի ընդունմանը:
Բարաք Օբամայի խոսքերով, ինքն այս թեմայի շուրջ կբարձրաձայնի այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել:
Մինչ քաղաքական գործիչները չեն կարողանում համաձայնության գալ զենքի վաճառքի խստացման օրենքների հարցում, ԱՄՆ-ի զենքի ամենախոշոր լոբբիստական կազմակերպությունը՝ «Հրազենի ազգային ընկերակցությունը» դեռևս այս առիթով ոչ մի հայտարարություն չի արել: