Հազարավոր մարդիկ հավաքվել են Վաշինգտոնի կենտրոնում, որպեսզի ողջունեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Հավաքվածների խոսքով, այսօրվա անկայուն աշխարհում Հռոմի պապը մնում է եզակի անձանցից մեկը, որոնց հեղինակությունը թույլ է տալիս համաշխարհային մակարդակի հարցեր բարձրացնել.
«Պապը աշխարհի միակ առաջնորդն է, ով կլիմայի փոփոխության մասին ճշմարտությունն է ասում եւ ով հարգված է աշխարհի առնվազն 60 տոկոսի կողմից», - ասում է բնապահպան Լինը:
Ֆրանցիսկոս պապին ողջունում է նաեւ ԱՄՆ-ի հայ համայնքը, որը բարձր է գնահատում Վատիկանի կողմից թե՛ Հայոց ցեղասպանության եւ թե՛ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների նկատմամբ բռնությունների դատապարտման համար.
«Մենք ողջունում ենք Հռոմի պապին եւ երախտագիտություն հայտնում Թուրքիայի կողմից հերքվող Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում իր ամուր կեցվածքի համար», - նշում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Սպիտակ տանը Պապը ջերմ ողջույնների արժանացավ նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից, որի խոսքով ԱՄՆ-ում ջերմ ընդունելությունը հետեւանք է նաեւ քահանայապետի անձնական բարձր հատկությունների.
«Դուք հիշեցնում եք մեզ, որ Աստծո առջեւ մենք եւ մեր հասարակությունը գնահատվում ենք ոչ թե հարստության կամ ուժի այլ՝ կարիքավորին կամ մեկուսացվածին օգնելու կարողությամբ»:
Վաշինգտոնի Անարատ Հղիության ազգային տաճարում քահանայապետն անց կացրեց Կալիֆորնիայում 18-րդ դարում քրիստոնեական առաքելություն հիմնած կուսակրոն Ջունիպերո Սեռռային սրբերի շարքին դասելու արարողությունը, իսկ սեպտեմբերի 24-ին Հռոմի պապը պատմության մեջ առաջին անգամ ելույթ կունենա Միացյալ Նահանգների Կոնգրեսում: Ի դեպ, կոնգրեսական Ադամ Շիֆը շրջանառության մեջ է դրել նամակ, որով գործընկերներին առաջարկում է Հռոմի Ֆրանցիսկոս պապին առաջադրել 2016թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հաշվի առնելով վերջինիս նվիրվածությունը խաղաղությանը եւ նրա խիզախ կեցվածքը մարդու իրավունքների պաշտպանության ու ցեղասպանությունների դատապարտման խնդիրներում: