Ավստրիայի Բադ Ռադքերսբուրգ քաղաքը դարձել է պատերազմից և հալածանքներից փախչող ներգաղթյալների կենտրոն: Շաբաթ օրից ի վեր գրեթե 1000 փախստականներ են եկել Բադ Ռադքերսբուրգ և ստացել սննդամթերք, խմիչք և նոր կոշիկներ:
15 ամյա Համսան, ով չցանկացավ ցույց տալ իր դեմքը, իր ծնողների հետ փախել է այստեղ Սիրիայի պատերազմից: Նա ասում է, որ սկզբում իրենք փորձեցին հատել Հունգարիայի սահմանը, սակայն, երբ նրանք իրենց չթույլատրեցին, անցան Խորվաթիայի սահմանը, այնուհետև եկան Ավստրիա:
«Կարմիր Խաչ» կազմակերպությունը փախստականներին հանգստանալու հնարավորություն է տվել, այնուհետև նրանց տրամադրել է թեթև ուտեստներ, ֆուտբոլ խաղալու հնարավորություն և նույնիսկ շուն, որպեսզի նրանք իրենց ավելի անկաշկանդ զգան: Չորեքշաբթի օրվանից սկսած «Կարմիր Խաչ» կազմակերպությունը կսկսի աշխատել երկարացված ժամերով:
«Կարմիր Խաչ» կազմակերպության ներկայացուցիչ Սայմոն Սթրասգուրթի խոսքերով, իրենք տեղադրելու են բեռների համար նախատեսված կոնտեիներներ, մեկը կազմակերպության աշխատակիցների համար, մեկ ուրիշը՝ փախստականների։ Իրենք կարծում են, որ իրավիճակը կծանրանա, երբ եղանակը ցրտի և տեղումներ սկսվեն:
Մոտակա Շպիլֆելդ քաղաքում փախստականների համար արդեն տեղադրված են տասնյակ վրաններ։ Իրավիճակը հանգիստ է: Ավստրիայի ռազմական ծառայության աշխատակիցներն ասում են, որ իրենք նախապատրաստվել են գալիք իրադարձությունների համար:
Ռազմական Հրամանատար Գերհարդ Շվեիգերի խոսքերով, իրենք պատրաստ են փախստականների ավելի մեծ հոսք ընդունելու համար և խնդրի շուտափույթ լուծում են ակնկալում տեղական իշխանություններից և Եվրամիությունից:
Բազմաթիվ փախստականներ Գերմանիա տեղափոխվելու ցանկություն են հայտնել, ինչում նրանց օգնում է տեղական ներգաղթի վերահսկման ծառայությունը: Բադ Ռադքերսբուրգում մի քիչ հանգստանալուց հետո, փախստականների մի խումբ կառավարության կողմից տրամադրված ավտոբուսներով ուղևորվեց դեպի Գերմանիա: