Հուշանվերներ եւ պատվերով թխվածքաբլիթներ, մեծ սպասումներ ու հսկայական աշխատանք. Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջին անգամ հյուրընկալել Հռոմի Ֆրանցիսկոս պապին:
Պաշտոնական այցը կսկսվի չորեքշաբթի Սպիտակ տանը նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից, որտեղից Ֆրանցիսկոս պապ երթով կանցնի Միացյալ Նահանգների մայրաքաղաքի փողոցներով:
«Այսօր Վաշինգտոնի փողոցներն այնքան էլ մարդաշատ չեն, սակայն, ամեն ինչ կփոխվի սեպտեմբերի 23-ին, երբ հենց այստեղ Հռոմի պապի մասնակցությամբ սկսվի հանդիսավոր երթը»:
Նույն օրը Վաշինգտոնի Անարատ Հղիության ազգային տաճարում կանցկացվի Կալիֆորնիայում 18-րդ դարում քրիստոնեական առաքելություն հիմնած կուսակրոն Ջունիպերո Սեռռային սրբերի շարքին դասելու արարողությունը:
«Այս Հռոմի պապը Նոր Աշխարհից առաջին պապն է: Նա Միացյալ Նահանգներ առաջին անգամ է այցելում, որպեսզի առաջին անգամ արարողություն կատարի», - ասում է Վաշինգտոնի արքեպիսկոպոս Դոնալդ Վուերլը:
Սեպտեմբերի 24-ին Հռոմի պապը ելույթ կունենա Ամերիկայի կոնգրեսականների առջեւ եւ կհանդիպի աղքատ ընտանիքների:
Ֆրանցիսկոս պապի հաջորդ կայանատեղին Նյու Յորքն է լինելու, որտեղ նա ելույթ է ունենալուՄԱԿ-ում աշխարհի առաջնորդների առջեւ, Սբ. Պատրիկի տաճարում մասնակցելու է համատեղ աղոթքի եւ այցելելու է Հարլեմի դպրոցներից մեկում սովորող կարիքավոր ընտանիքների երեխաներին: Տաճարի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քեյթ Մոնագանի խոսքով, Պապի ծրագրի յուրաքանչյուր վայրկյան արդեն մշակված է.
«Պապի յուրաքանչյուր քայլ, ավտոմեքենայից դուրս գալուց մինչեւ աստիճաններ, ծրագրված է»:
Միացյալ Նահանգներ այցն ավարտվելու է Ֆիլադելֆիայում, որտեղ Պապը մասնակցելու է Ընտանիքի փառատոնին, իսկ Քարրան Ֆրոմհոլդ ուղղիչ հիմնարկում հանդիպելու է կալանավորներին:
Մինչեւ այցի ավարտը Ֆրանցիսկոս պապը մի քանի ժամ անց է կացնելու կամավորների հետ: