Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփ. Մենք կստեղծենք կայուն աշխարհ


Կալիֆորնիայում անցած Հանրապետական կուսակցության՝ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների երկրորդ բանավեճը ճակատագրական նշանակություն կունենա թեկնածուների համար:

Հանրապետական ընտրողների ամենալուրջ աջակցությունը վայելող գործարար եւ միլիարդատեր Դոնալդ Թրամփը ամբողջ երեկո ուշադրության կենտրոնում էր գտնվում:

Բանավեճի ընթացքում Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում նա կվերադարձնի Միացյալ Նահանգների նկատմամբ հարգանքը ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ կկարգավորի Մերձավոր Արեւելքի խնդիրները եւ կկարգավորի հարաբերությունները Ռուսաստանի նախագահի հետ.

«Կարծում եմ, ես Պուտինի հետ լեզու կգտնեմ, ինչպես նաեւ մյուսների հետ, եւ մենք կունենանք շատ ավելի կայուն, կրկնում եմ՝ կայուն աշխարհ»:

Երկրորդ տեղում գտնվող նյարդավիրաբույժ Բեն Քարսոնն առաջարկել է արմատապես բարելավել հարկային քաղաքականությունը.

«Ժամանակն է, որ կառավարությունը մի կողմ քաշվի եւ թույլ տա մարդկանց ինքնուրույն որոշել երկրի ապագան»:

Երբեմնի առաջատար իսկ այժմ հանրապետական թեկնածուների մրցապայքարում երրորդ տեղը զբաղեցնող Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի համար այս բանավեճը հանրապետականների աջակցությունը վերադարձնելու վերջին հնարավորություններից մեկն է: Բուշը, որն իր մրցապայքարը կառուցել է հիմնականում տնտեսական լուծումներ առաջարկելու եւ Թրամփի քննադատության վրա, կրկին մեղադրել է Թրամփին Ֆլորիդայում խաղատներ հիմնադրելու փորձի մեջ, ինչն ինքը Թրամփը անմիջապես հերքել է: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Բուշը հայտարարեց.

«Ռազմավարությունը, որը ես պատրաստվում եմ իրականացնել, հիմնված է այն պարզ փաստի վրա, որ Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի աշխարհը»:

Քաղաքական վերլուծաբան Սթյուարդ Ռոթենբերգի կարծիքով, հանրապետական ընտրողները դժգոհ են ներկա իրավիճակից եւ փորձում են այդ դժգոհությունը քաղաքական վերնախավին լսելի դարձնել.

«Այսպիսով, նրանք փնտրում են որեւէ մեկին, ով նրանց ձայնը լսելի կդարձնի եւ անշուշտ այդ մարդը Դոնալդ Թրամփն է»:

Թե ընտրողների աչքերում իրականում ով հաղթեց այս բանավեջում, պարզ կդառնա հաջորդ մի քանի օրերի ընթացքում, սակայն, հաջողակ գործարար եւ հանրապետականների շրջանում «ուղիղ խոսող» թեկնածուի համբավ ունեցող Դոնալդ Թրամփը վերլուծաբանների կարծիքով դեռ պետք է ապացուցի ամերիկացիներին, որ լուրջ թեկնածու է եւ անսպասելի բարձր աջակցությունը կայուն ձայների վերածի:

Հանրապետականների ներսում մրցապայքարի առաջատարը 2016-ի ամռանը Հանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու եւ մրցակցության մեջ կմտնի Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հետ: Իսկ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի անունը հայտնի կդառնա 2016 թվականի նոյեմբերի 8-ից հետո:

XS
SM
MD
LG