Մատչելի հղումներ

Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները հանուն ապագայի


Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները հանուն ապագայի, համոզված է թուրք դիվանագետ, Բրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան եւ նախկինում գործող հայ-թուրքական հանձնաժողովի անդամ Ունալ Չեւիքյոզը: Նրա խոսքով, աշխարհը փոխվում է եւ հակամարտությունները տեղ չունեն մեր ժամանակներում:

«Ես հավատում եմ մեր սերունդների ապագային, հավատում եմ մեր հարաբերությունների առաջընթացին», - նշել է թուրք դիվանագետը:

Չեւիքյոզի խոսքով, նոր սերունդները թե Հայաստանում թե Թուրքիայում պատերազմ չեն տեսել եւ պատերազմ չեն ուզում ու արժանի են այլ ապագայի.

«Ես պապիկ եմ դարձել եւ երբ նայում եմ թոռնիկիս, գիտակցում եմ, որ այդ փոքրիկ աղջնակն ավելի լավ ապագայի է արժանի»:

Դիվանագետի խոսքով, նախկինում հայ-թուրքական բանակցությունները հաջողությամբ չնշանավորվեցին որովհետեւ կողմերը փորձում էին գաղտնի գործել, մինչդեռ այսօրվա աշխարհում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հրապարակայնորեն գործել:

«Եթե մեզ հաջողվի համոզել ժողովուրդներին, եթե մեզ հաջողվի բացատրել, որ հարաբերությունների բարելավումը բարիք է, այդ դեպքում միայն մենք հաջողության կհասնենք», - ընդգծել է Ունալ Չեւիքյոզը:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների, դիվանագետը նշել է, թր Թուրքիայում նոր խորհրդարան ձեւավորելուց հետո հնարավորություն է ստեղծվել արձանագրությունները խորհրդարանի օրակարգ մտցնել, ինչը կարող է արվել ոչ միայն խորհրդարանական կուսակցության, այլեւ՝ անհատ պատգամավորի կողմից: Չեւիքյոզի խոսքով, ապագան կողմերի համար լայն հնարավորություններ է բացում եւ հանուն ապագա սերունդների այդ հնարավորություններից անհրաժեշտ է օգտվել՝ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նպատակով:

XS
SM
MD
LG