Հայաստանին ռուսաստանյան «Իսկանդեր-Մ» տակտիկական հրթիռային համակարգ տրամադրելու մասին լուրերը մեծ ուշադրություն են առաջացրել ինչպես լրագրողների, այնպես էլ՝ մասնագետների շրջանում:
Վերլուծաբանների կարծիքով, նման քայլով Մոսկվան փորձում է′լ ավելի ամրացնել իր դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Հատկանշական է, որ վերլուծաբանները Հայաստանի տարածքում «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգի տեղադրման հնարավորությունը բավականին իրատեսական են համարում: Ռազմական փորձագետ, Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկը «Իսկանդեր-Մ»-ը ավելի շատ վտանգ, քան հնարավորություն է համարում.
«Դա վտանգավոր հնարավորություն է, այն իրատեսական է, սակայն՝ վտանգավոր, որովհետեւ դրանք չափազանց վտանգավոր զենքեր են»:
Բլանկի խոսքով, Ռուսաստանի այդ քայլը վտանգի տակ կդնի ամբողջ Հարավային Կովկասը: Փորձագետը հիշեցնում է, որ «Իսկանդեր-Մ» համակարգի մեջ կարող են մտնել թեւավոր կամ բալիստիկ հրթիռներ, որոնք կրում են սովորական տիպի պայթուցիկ կամ միջուկային զենք:
«Երբ նման կարգի զենք է տեղադրվում նոր տարածքներում, բավականին անսպասելի ռիսկեր ու հնարավորություններ է ստեղծում», - համոզված է Ստիվեն Բլանկը:
Վերլուծաբան Փոլ Սթրոնսկիի կարծիքով՝ Հայաստանում «Իսկանդեր» տեղադրելով, Մոսկվան փորձում է ոչ միայն գլոբալ խնդիրներ լուծել, այլեւ հակակշռել Ադրբեջանին իր իսկ կողմից վաճառված մեծաքանակ զենքը: Միեւնույն ժամանակ վերլուծաբանն ընդգծում է, որ պաշտոնական Երեւանը միշտ ուշադիր հետեւել է, որպեսզի չհայտնվի գերպետությունների հակասությունների միջեւ.
«Հայաստանը միշտ շատ զգույշ է եղել եւ փորձել է պահպանել հնարավորին չափ բազմակողմանի եւ բազմավեկտորային հարաբերություններ, Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերություն ծավալելու հետ միասին զարգացնելով նաեւ սերտ տնտեսական եւ անվտանգության ոլորտի համագործակցություն արեւմտյան մի շարք պետությունների հետ»:
Վերլուծաբանի կարծիքով, այս անգամ եւս Հայաստանին հաջողվում է համատեղել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ սերտ համագործակցությունը.
«Հայաստանի կողմից իրականացվող գործողությունն անչափ բարդ հավասարակշռություն պահպանելու գործողություն է»:
Ինչ վերաբերում է հնարավոր գործարքի ուղղակի ազդեցությանը, ապա դա մեծ չափով կախված կլինի նաեւ նրանից, թե ով է կառավարելու հրթիռային համակարգը՝ հայկական, թե՞ ռուսական կողմը, ասում են վերլուծաբանները: