Մատչելի հղումներ

Լրագրողներ Առանց Սահմանների. Մենք ցնցված ենք լրագրողների դեմ Հայաստանի ոստիկանության բռնությունների աստիճանից


«Ամերիկայի Ձայնի» բացառիկ հարցազրույցը «Լրագրողներ Առանց Սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրի հետ՝ Հայաստանի իրավիճակի շուրջ:

- Ո՞րն է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության արձագանքը Հայաստանում լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումների վերաբերյալ:

- Մենք ցնցված ենք լրագրողների դեմ ոստիկանության կողմից գործածված բռնությունների աստիճանից: Որքան մենք ենք տեղյակ, լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների աստիճանն աննախադեպ է 2008 թվականի ընտրությունների ընթացքում ցուցաբերած բռնություններից ի վեր: Տասից ավելի լրագրող ծեծի են ենթարկվել ոստիկանության կողմից, տասից ավելի լրագրող ձերբակալվել են նույնիսկ իրենց մասնագիտական լրագրողական փաստաթղթերը ներկայացնելուց հետո, նույնիսկ այն բանից հետո, երբ նրանց լրագրողական մասնագիտությունը հաստատվել էր:

Ինչը նույնիսկ ավելի մտահոգիչ է, նրանց մասնագիտական սարքավորումները համակարգված ոչնչացվում կամ առգրավվում էին, ինչը միանշանակ ապացուցում է, որ գոյություն է ունեցել կամք, մտածված որոշում ոչնչացնելու տեղի ունեցածի ցանկացած ապացույց: Այսպիսով, սա ոչ միայն հարձակում էր լրագրողների վրա, այլեւ հարձակում բուն տեղեկատվության ազատության վրա: Մտահոգիչ է, որ ավելանում են թե ոստիկանության բռնությունները լրագրողների նկատմամբ եւ թե լրագրողների աշխատանքային պարտականությունների կատարման խոչընդոտման դեպքերը:

Ուղիղ մեկ տարի առաջ, 2014-ի հունիսի 23-ին մի քանի լրագրող ոստիկանության կողմից հարձակման էին ենթարկվել, բողոքի ցույցերը լուսաբանելու ընթացքում, եւ ցավոք սրտի որքանով մեզ հայտնի է, այս մեկ տարվա ընթացքում որեւէ գործողություն չի կատարվել այն ոստիկանների նկատմամբ, որոնք պատասխանատու էին այդ հարձակումների համար: Այսպիսով, միանշանակ իրավապահ մարմիններին անհրաժեշտ է սովորեցնել, թե ինչպես է պետք ծառայություն կատարել եւ լրագրողների հետ ինչպես վարվել խաղաղ բողոքի ակցիաների ընթացքում, նույնիսկ երբ այդ բողոքներն արտոնված չեն:

Մեզ համար նաեւ կարեւորագույն խնդիր է, որպեսզի իշխանությունները վերջ դնեն անպատժելիությանը, որովհետեւ մեկ տարի առաջ տեղի ունեցած հարձակումներից հետո անպատժելիությունը միայն խորացրեց բռնության արատավոր փակուղին, որին մենք այսօր կրկին ականատես դարձանք: Այսպիսով, մենք կոչ ենք անում իշխանություններին պատժամիջոցներ կիրառել այն իրավապահների եւ գործակալների նկատմամբ, ովքեր լրագրողների դեմ բռնություն են կիրառել եւ եթե ապացուցվի, որ այդ ոստիկանները նման չափի բռնի գործելու հրաման էին ստացել, ապա առկա է լուրջ քաղաքական խնդիր:

- Հաշվի առնելով, որ Հայաստանում լրագրողների եւ խոսքի ազատության վիճակն այնքան վատը չէր, ինչո՞վ եք բացատրում լրագրողների նկատմամբ նման բռնությունները:

- Դա բավականին բարդ է բացատրել: Հնարավոր է, որ իշխանությունները ավելի ու ավելի կասկածամիտ են դառնում բողոքների նկատմամբ եւ իրոք ընդդիմադիր ցույցերի թիվն ավելացել էր վերջին ամիսներին Հայաստանում, սակայն մեզ անհրաժեշտ է խնդիրն ընդհանրական դիտարկել եւ եկեք հիշենք, որ Հայաստանը 180 երկրների շարքում 78-ն է աշխարհում լրագրողների ազատության ցուցակում, այսինքն, այնտեղի իրավիճակն այնքան էլ վատը չէ, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանը, եթե հաշվի առնենք նախկին Խորհրդային Միության երկրներն, ապա Հայաստանի իրավիճակն այնքան էլ վատը չէ:

Կային մի քանի մտահոգիչ նշաններ վերջին մի քանի ամիսների ընթացքում, հատկապես, առաջին անգամ արձանագրված դատարանի որոշում, որն ընդդիմադիր թերթին պարտավորեցրեց բացահայտել տեղեկատվության աղբյուրները:

Ամեն դեպքում, մենք կոչ ենք անում իշխանություններին բարելավել մամուլի ազատության իրավիճակը , եթե նրանք ցանկանում են, որ Հայաստանը մնա տարածաշրջանային մամուլի ազատության առումով առաջադեմ երկրների շարքում:

- Դուք արդյոք տեսնո՞ւմ եք որեւէ կապ Հայաստանի՝ Եվրասիական Միությանն անդամակցության եւ տեղի ունեցող իրադարձությունների միջեւ:

- Իհարկե, նման կապը դյուրին է թվում, չնայած որ այն ներկա պահին դժվար ապացուցելի է: Այնուամենայնիվ, մենք ուշադիր հետեւելու ենք իրադարձությունների զարգացմանը, քանի որ իրոք ցավոք սրտի ինչպես երեւում է, երկրները, որոնք սերտ հարաբերություններ են հաստատում Եվրասիական Միության հետ, գայթակղություն են ապրում վերջ տալ հիմնարար ազատությունների որոշ սկզբունքներին: Այսպես, մենք տեսանք թե ինչպես հոմոֆոբ օրենքներ ընդունվեցին, օրինակ, Ղազախստանի եւ նույնիսկ Ղրղըզստանի խորհրդարաններում: Այնպես որ, իրոք, իշխանությունները հնարավոր է գայթակղություն ունեն ավելի մոտ տեղափոխվելու ռուսական մոդելի այլ ոչ թե եվրոպական ուղիով գնալու:

Հույս ունենանք, որ դա այդպես չէ: Մինչ օրս դրանք միայն քաղաքական ենթադրություններ են եւ մենք միայն նախազգուշացման նշաններ ենք տեսնում: Այնպես որ, դեռեւս ժամանակ կա, իրավիճակը փակուղի չի մտել, ուղղակի ժամանակն է, որպեսզի իշխանությունները վերհիշեն իրենց կողմից ստանձնած մարդու հիմնարար իրավունքները պահպանելու լուրջ պարտավորությունները:

Հիմնարար ազատությունների եւ հատկապես տեղեկատվության ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը կախված չէ որեւէ քաղաքական դաշինքից, դա այն է, ինչ իշխանությունները, համաձայն Հայաստանի կողմից ստորագրած եւ վավերացված պայմանագրերի եւ հռչակագրերի պահանջների, պարտավոր են ապահովել իրենց քաղաքացիների համար: Տեղեկատվության իրավունքը նաեւ երաշխավորված է Հայաստանի սահմանադրությամբ եւ չպետք է կախված լինի որեւէ աշխարհաքաղաքական դաշինքից:

XS
SM
MD
LG