Որքան մոտենում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման վերջնաժամկետը, այդքան բարձր են հնչում դրա հակառակորդների ձայները: Անհանգստացողների թվում են ինչպես Իսրայելը, այդպես էլ՝ տարածաշրջանի այլ պետությունները, որոնք ցանկանում են համոզված լինել, որ Իրանն իրոք զերծ կմնա միջուկային զենքի մշակման գաղափարից:
Իսրայելի նախագահ Ռեվեն Ռիվլինը հայտարարում է, թե Իրանն ահաբեկում է Իսրայելին՝ պատրաստվելով Իսրայելի դեմ 100,000 հրթիռ ուղղել.
«Նրանք պատրաստ են մեզ հրթիռակոծել»:
Իսրայելում աշխատանքային այցով է գտնվում ԱՄՆ-ի Միացյալ շտաբերի պետ գեներալ Մարտին Դեմփսին, ով փորձում է ցրել կողմերի անհանգստությունները.
«Մենք փոխըմբռնման այն մակարդակի վրա ենք, որն անհրաժեշտ է անվտանգության բոլոր մարտահրավերների կարգավորման համար»:
Գեներալի խոսքով, Վաշինգտոնում պարզ գիտակցում են տարածաշրջանում առկա բոլոր վտանգները եւ պատրաստ են աշխատել դրանց նվազեցման ուղղությամբ:
Իրանի միջուկային ծրագիրն ինչպես նաեւ Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրման հարցը քննարկվել են նաեւ Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում:
Լսումներին հրավիրված Ռազմավարական եւ Միջազգային Հետազոտությունների Կենտրոնի, անվանի SCIS-ի ռազմավարության ղեկավար դոկտոր Էնթոնի Քորդսմանն առաջարկեց խնդիրը դիտարկել Թեհրանի տեսանկյունից: Նրա խոսքով, հրթիռների արտադրման Իրանի ցանկությունը հասկանալի է, հաշվի առնելով, թե որքան անհանգիստ տարածաշրջանում է գտնվում այդ երկիրը.
«Ես խորհուրդ կտամ չկենտրոնանալ չափից դուրս Իրանի վրա»:
Լսումների մեկ այլ մասնակից, Միացյալ Նահանգների Պաշտպանության հետախուզական գործակալության նախկին ղեկավար գեներալ Մայքլ Ֆլինը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի առաջնային դեր խաղալ տարածաշրջանում, հակառակ դեպքում դրա տեղը կգրավեն այլ խաղացողներ.
«Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվ դեր խաղա տարածաշրջանում, փորձելով միջուկային մրցավազքն ուղղել քաղաքացիական ոլորտ, եւ զերծ պահել այն ռազմական ուղղուց»:
Այսպիսով, գեներալի խոսքով, Միացյալ Նահանգները պետք է թույլ տա քաղաքացիական էներգետիկ ոլորտի միջուկային ծրագրերը, միեւնույն ժամանակ՝ պատնեշ դնելով ցանկացած տեսակի ռազմական միջուկային ծրագրերի առջեւ եւ աշխարհը զերծ պահելով միջուկային վտանգից: