Մատչելի հղումներ

Օբամա. Ամերիկան գլոբալ տնտեսության հիմնական հենասյուն է


Աշխարհի զարգացած երկրների մեծ յոթնյակը միասնական դիրքորոշում ունի հիմնական գլոբալ մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Գերմանիայում կայացած մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո: Տնտեսական ոլորտի գլոբալ խնդիրների կարգավորման լավագույն ուղին կայանում է նոր աշխատատեղերի եւ տնտեսական աճի ապահովման մեջ:

«Ինչ վերաբերում է գլոբալ տնտեսությանը, Ամերիկան գլոբալ տնտեսության հիմնական հենասյուն է», - հայտարարել է Օբաման:

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին՝ ԱՄՆ-ի նախագահը նշեց որ մեծ յոթնյակը պատրաստ է Թեհրանի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտի հասցնել.

«Իրանին տրվում է պատմական հնարավորություն վերջ դնել իր միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության մտահոգություններին»:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի խնդրին, ապա Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ յոթնյակը միակարծիք է ուկրաինական իշխանություններին աջակցություն ցուցաբերելու հարցում: Օբաման ընդգծեց, որ ռուսական զորքերը շարունակում են գտնվել Ուկրաինայի Արեւելյան շրջանում՝ խախտելով միջազգային իրավունքը: ԱՄՆ-ի նախագահի խոսքով, նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ գործողություններից տուժում է հենց Ռուսաստանի Դաշնության ու Արեւելյան Ուկրաինայի բնակչությունը.

«Սա հարց է Պարոն Պուտինի համար, հենց նա պետք է որոշում կայացնի, թե արդյոք նա շարունակելու է ոչնչացնել սեփական տնտեսությունը եւ Ռուսաստանը մեկուսացված պահել՝ Սովետական կայսրության հաղթանակների վերարտադրման ցանկությամբ»:

Ամերիկյան Արտաքին Քաղաքականության Խորհրդի Եվրոպայի եւ Եվրասիայի ավագ վերլուծաբան Ուեյն Մերին այս կապակցությամբ նշում է, որ անհրաժեշտ է խնդիրը դիտարկել նաեւ Մոսկվայի տեսանկյունից.

«Ռուսաստանի կարծիքով, նրանք չեն խախտել Միացյալ Նահանգների հետ բարիդրացիական հարաբերությունները, այլ այն խախտվել է ամերիկյան կողմից, սկզբից Կոսովոյում, այնուհետեւ հակահրթիռային ծրագրով եւ Իրաքի պատերազմով»:

Վերլուծաբանի կարծիքով, Մոսկվան ցանկանում է վերադառնալ ոչ թե սովետական այլ նախախորհրդային շրջանին, երբ Ռուսաստանը հզոր ուժ էր, իսկ Ստոլիպինը, որի օրինակին հետեւում է նախագահ Պուտինը, լայն բարեփոխումներ եր կատարում:

XS
SM
MD
LG