Մատչելի հղումներ

«Ռուսաստանը Հայաստանի բարեկամը չէ». Փոլ Գոբլ


Փոլ Գոբլ
Փոլ Գոբլ

Հայաստանն ապրում է վտանգավոր շրջանում եւ վտանգավոր ժամանակներ եւ այդ պատճառով պիտի մտածի երկարաժամկետ, այլ ոչ միայն տվյալ պահի համար։ Այս կարծիքն է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը հայտնում հայտի վերլուծաբան Փոլ Գոբլը, ով հարցազրույցի ընթացքում անդրադառնում է հայ-ռուսական հարաբերություններին, Ադրբեջանի հետ տարածքային խնդրին ու խնդիրների լուծման կարեւորությանը։

՝՝Հայաստանը պիտի կայացնի ծանր իրավիճակից դուրս գալու մասին որոշումներ։ Այդ առումով այն չունի լավ տարբերակներ, սակայն պիտի կարողանա ընտրել դրանցից ամենաքիչ վատը՛՛։ Այս մասին իր կարծիքն է արտահայտում վերլուծաբան Փոլ Գոբլը ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տված հարցազրույցում։ Մենք նրա տեսակետները ներկայացնում ենք առանց մեկնաբանության, որպես Արեւմուտքում առկա տեսակետների շարքում մի ուղղություն։

Ռուսաստանը, նրա խոսքերով, հայտնված լինելով ոչ լավ իրավիճակում, Հայաստանին պարտադրում է միանալ Մաքսային Միությանը եւ հենց ինքն էլ՝ Ռուսաստանը Մաքսային Միության շրջանակներում իրեն աստիճանաբար գտնում է մահմեդական երկրների շրջապատում, ասում է նա։

՝՝Չեմ կարծում, որ Ռուսաստանը Հայաստանի կողմից է ու ինչպես ասում են, Ռուսաստանի համար Վրաստանը ճանապարհ է, Հայաստանը՝ զենք, Ադրբեջանը՝ գին։ Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է զուտ իր նպատակների համար՛՛, ասում է նա, ավելացնելով. Ռուսաստանը Հայաստանի բարեկամը չէ՛՛։

Փոլ Գոբլի կարծիքով, Ղրիմը գրավելով, Ռուսաստանը թույլ է տվել շատ մեծ սխալ հենց իր շահերի տեսանկյունից, քանի որ բոլոր երկրներն են այժմ մտահոգված ուժի միջոցով սահմաններ փոփոխելու Ռուսաստանի բռնած ուղու համար։ ՝՝Իսկ եթե Հայաստանը գնա այդ ուղով ու բռնակցի Ղարաբաղը, կհայտնվի նոր պատերազմի ու մեկուսացման մեջ։ Խորհրդային Միության հանրապետությունների սահմանները գծել են Ստալինի օրոք ու մինչեւ դա այս երկրների միջեւ չի էլ եղել սահմանային հստակ բաժանում։ Ու որքան էլ Ստալինի սահմանները դատապարտելի են, դրանց փոփոխությունն այսօր շատ ավելի վտանգավոր է, քան անփոփոխ պահելը՛՛։

Գոբլի խոսքերով, Ռուսաստանի ագրեսիվ դիրքի մեղավորներից մեկն Արեւմուտքն է, որը կարծում էր, թե կապիտալիստական Ռուսաստանը ժողովրդավար պիտի լիներ։ Արեւմուտքի մեղքը նաեւ երկակի չափանիշների կիրառումն էր։ Մարդու իրավունքների ոտնահարումների համար Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու ու նույն ոտնահարումների համար Ռուսաստանին ներելու հանգամանքը Մոսկվային թույլ է տվել հավատալ, որ ամեն ինչ կարող է անել առանց պատժի ենթարկվելու։

՝՝Ռուսաստանի ագրեսիվության պատճառներից մեկը Պուտինի նկատմամբ ժողովրդի աջակցությունն էր։ Տնտեսության 7 տոկոսի աճը ժողովուրդը կապում էր Պուտինի հետ։ Իսկ երբ նավթի գներն անկում ապրեցին, Պուտինը, Ռուսաստանի նախկին ղեկավարների նման, իր դիրքերը պահպանելու համար դիմեց միջազգային լարվածություն առաջ բերելու քայլին։ Օրինակ դարձավ Ղրիմը։ Սակայն մյուս երկրները, այդ թվում նրանք, որոնք շարունակում են համագործակցել Ռուսաստանի հետ, աստիճանաբար հայտնվում են Ռուսաստանի վտանգի տակ։

Փոլ Գոբլի կարծիքով, Ռուսաստանում փոփոխություն կլինի, սակայն հարցն այն է, թե մինչեւ փոփոխությունը, որքան կտուժեն մյուսները։

Հայաստանը, կամ ավելի ճիշտ հայերը, ասում է վերլուծաբանը, անգլերենից թարգմանաբար՝ մեծ չեն մտածում։ ՝՝Հայաստանն այսօր պիտի մտածի, թե ինչպես է իրեն պատկերացնում սրանից 25 տարի անց։ Դրա համար, Ղարաբաղի խնդիրը պիտի լուծում ստանա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ համաձայնության արդյունքում։

-Ուզում եք ասել, որ Հայաստանը պիտի մոռանա՞ Ղարաբաղի մասին։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի այս հարցին Փոլ Գոբլը պատասխանում է. ՝՝Իմ անձնական կարծիքով, Ղարաբաղը պիտի արմատական ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում։ Հայաստանի իշխանությունները կարծում են, թե Ռուսաստանը Հայաստանի կողմն է, երբ իրականում վերջերս արդեն պարզ ցույց է տալիս իր դիրքորոշումը։ Ռուսաստանն ուզում է, որ հակամարտությունը շարունակվի, ինչի արդյունքում շարունակ տուժում է Հայաստանը՛՛։

-Եթե լուծվի Ադրբեջանի հետ հակամարտությունը, Ռուսաստանն այլեւս չի՞ սպառնա Հայաստանին։

՝՝Ռուսաստանի համար այդժամ շատ ավելի դժվար կլինի ճնշումներ կիրառել ընդդեմ Հայաստանի։ Իսկ եթե Հայաստանը շարունակի հավատալ, որ Ռուսաստանն իր միակ դաշնակիցն է, կմնա շարունակ կախյալ այդ երկրից՛՛։

XS
SM
MD
LG