Մատչելի հղումներ

Հարցազրույց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը, տարածաշրջան կատարած իր առաջին այցից հետո ԱՄՆ-ի պետդեպարտամենտի շենքում բացառիկ հարցազրույց տվեց ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը։ Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն՝ ամբողջությամբ։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛- Պարոն Ուորլիք, շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի առաջարկն ընդունելու համար։
Վերջերս տարածաշրջան կատարած Ձեր առաջին այցի ընթացքում ասել էիք, թե ՝՝այս անգամ այստեղ եմ եկել լսելու եւ իմանալու համար՛՛։ Պարոն դեսպան, ի՞նչ լսեցիք եւ ի՞նչ իմացաք։

Ջեյմս Ուորլիք – Շնորհակալ եմ ինձ այս հարցազրույցին հրավիրելու համար ու հուսով եմ, որ նման հանդիպումներն այստեղ կշարունակվեն։
Սա կողմնորոշվելու նպատակ ունեցող այց էր, որի ընթացքում ուզում էի լսել բոլոր կողմերին։ Ճամբորդեցի, փորձեցի լսել շատ տեսակետներ։ Ցանկացա առաջին այցս իրականացնել առանց մյուս համանախագահների։ Ու այնտեղ լսեցի շատ հստակ մի ուղերձ։ Ուր էլ եղա, հասկացա, որ բոլոր կողմերն ուզում են գտնել խաղաղ կարգավորման ճանապարհ։ Ուղերձը, որ լսեցի միայն քաղաքական ղեկավարությունից չէր, այլ նաեւ մյուսներից, ովքեր ասում էին, որ արդեն իրոք եկել է հակամարտությունը լուծելու ժամանակը։ Ոչ մեկ կողմ չի ցանկանում հակամարտության վերսկսում։ Եվ ես աշխատելու եմ բոլոր կողմերի հետ՝ գտնելու առաջ գնալու համար անհրաժեշտ կառուցողական եղանակներ։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛- Ուրեմն ի՞նչ կարելի է ասել այս առումով Ադրբեջանի նախագահի վերջին ելույթի մասին, որի ընթացքում նա հայերիս մի քանի անգամ ՝՝ֆաշիստներ՛՛ է անվանում, սպառնում իր երկրի բանակի ՝՝հզորությամբ՛՛, հպարտանում ինն ու կես միլիոն ազգաբնակչությամբ։

Ջեյմս Ուորլիք – Ես կարդացել եմ այդ ճառը։ Մեզ բոլորիս պիտի անհանգստացնի այս հռետորաբանությունը, որը խաղաղության տանելու փոխարեն կարող է ուղղորդել դեպի ավելի խորը հակամարտություն։ Մինսկի խմբի երկրների նախագահներ Օբաման, Պուտինն ու Օլանդը հունիս ամսին անցկացրած հանդիպման ժամանակ հայտարարել էին, որ աշխատելու են նվազեցնել տարածաշրջանի լարվածությունը եւ կոչ արել խուսափել հռետորաբանությունից։
Ես հանդիպել եմ նախագահ Ալիեւին ու գիտեմ, որ նա ցանկանում է խաղաղ կարգավորում։ Ու ես սպասում եմ նրա հետ իրականացվելիք աշխատանքներիս։ Ուզում եմ կրկնել, որ կողմերի ղեկավարներն իրենց ժողովուրդներին պիտի նախապատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։

՝՝Ամերիկայի Ձայն՝՝ - Իսկ Դուք այնտեղ նման բան նկատեցի՞ք։

Ջեյմս Ուորլիք – Արդեն քսան տարի է շարունակվում ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրադրությունը։ Այդ առումով դժվար առաքելություն ենք ստանձնել, հատկապես, որ երիտասարդ սերունդը տեսել է միայն այս շատ լարված հրադադարը։ Եվ այսօր բոլոր կողմերը ոչ միայն պիտի աշխատեն խաղաղ կարգավորման ուղղությամբ, այլ նաեւ կրթեն ժողովուրդներին խաղաղություն հաստատելու հարցում։

՝՝Ամերիկայի Ձայն՝՝ - Խաղաղ կարգավորման համար չափազանց կարեւրեւոր են փոխզիջումները։ Այդ մասին Դուք նույնպես ասել եք այնտեղ։ Պարոն դեսպան, կա՞ն փոխզիջումների մասին տեսլականներ։

Ջեյմս Ուորլիք – Շատ լավ հարց է։ Անցած 2Օ ու ավելի տարիների ընթացքում հնչել են գաղափարական հռետորաբանություններ բոլոր կողմերից։ Մենք դրանից առաջ պիտի անցնենք ու գտնենք առաջ տանող իրատեսական ուղի։ Բոլոր կողմերից պիտի լինի քաղաքական կամք։ Իսկ դա նշանակում է, որ կողմերը պիտի պատրաստ լինեն փոխզիջումների։ Ես ինքս չունեմ ճանապարհային քարտեզ։ Ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Մինսկի խմբի մյուս երկրների գործը չէ նման քարտեզի տրամադրումը։ Սակայն հույս ունենք, որ հակամարտության բոլոր կողմերը կդրսեւորեն քաղաքական կամք՝ առաջ գնալու բանակցությունների եղանակով։

՝՝Ամերիկայի Ձայն՝՝ - Նյու Յորքում մի քանի օրից հանդիպելու եք Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին։ Ի՞նչ եք նրանց պատմելու տարածաշրջան կատարած Ձեր առաջին այցի մասին։

Ջեյմս Ուորլիք – Ֆրանսիացի ու ռուս իմ երկու պաշտոնակիցները բավականին մեծ փորձառություն ունեն իրենց այս պաշտոնում։ Ես նրանց պարզապես ներկայացնելու եմ իմ առաջին տպավորությունները։ Բայց ես նաեւ պիտի լսեմ նրանց, թե ինչպես են իրենք տեսնում առաջ տանող ճանապարհը։ Բացի այդ հանդիպելու ենք Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ գործընթացի շուրջ անկեղծ քննարկումներ անցկացնելու համար։ Չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենան դրանք, սակայն մենք բոլորս ունենք նման քննարկումներ պարբերաբար անցկացնելու կարիք։

՝՝Ամերիկայի Ձայն՝՝ - Շատ քիչ տեղեկություններ են հաղորդվել Լեռնային Ղարաբաղում Ձեր հանդիպումների մասին։ Այսօր կարո՞ղ եք պատմել որոշ մանրամասներ։

Ջեյմս Ուորլիք – Շատ գոհ եմ Լեռնային Ղարաբաղ կատարած իմ այցից։ Ես ունեցա ԵԱՀԿ-ի խմբի հետ շփման գծում լինելու հնարավորություն։ Տեսա, որ այն իրական շփման գիծ է, որ այստեղ կա լարվածություն եւ հասկացա, թե որքան կարեւոր է, որ մենք ամեն ինչ անենք թշնամական գործողությունները դադարեցնելու համար։ Կողմերից ոչ մեկը չի ցանկանում տեսնել գործող հակամարտություն, հակամարտություն, որ իրոք չի բխում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի բնակչության շահերից։

՝՝Ամերիկայի Ձայն՝՝ - Եթե պատահի, որ Հայաստանը միանա Մաքսային Միությանը, այդ փաստը որեւէ կերպ կանդրադառա՞ խաղաղության գործընթացի կամ հակամարտության նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի վրա։

Ջեյմս Ուորլիք – Մենք շարունակում ենք շատ մոտից աշխատել ե՛ւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ։ Իհարկե, Հայաստանն ինքը պիտի եւ ինքն է կատարում իր ապագայի շուրջ ընտրություն։ Ես գիտեմ, որ Հայաստանն իրոք ցանկանում է Եվրոպայի հետ ունենալ ապագա։ Այդ մասին նրանք մեզ ասել են, ասել, ասել, որ որպես Եվրոպայի մասնիկ, շահագրգռված են խաղաղությամբ ու բարգավաճմամբ։ Պարզապես մնում է սպասել, տեսնելու, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։ Այս պահին ես հույս ունեմ կենտրոնանալ հարատեւ խաղաղություն հաստատելու ջանքերի վրա, որը բարգավաճման նոր դարաշրջան կբացի կովկասյան տարածաշրջանում։

՝՝Ամերիկայի Ձայն՝՝ - Պարոն դեսպան, կուզենայի՞ք որեւէ լրացում կատարել։

Ջեյմս Ուորլիք – Շատ հաճելի էր զրուցել Ձեզ հետ, եւ հույս ունեմ, որ կշարունակենք նման քննարկումներն ապագայում եւս։

՝՝Ամերիկայի Ձայն՝՝ - Պարոն Ուորլիք, շատ շնորհակալություն։
Ջեյմս Ուորլիք – Շնորհակալություն։
XS
SM
MD
LG