Մատչելի հղումներ

Թուրք նախարարն ընդունել է Թուրքիայի Հայոց Պատրիարքի փոխանորդին


Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեթ Բաղիշը Ստամբուլ քաղաքում ընդունել է Թուրքիյաում Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեթ Բաղիշը Ստամբուլ քաղաքում ընդունել է Թուրքիյաում Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, որն անցյալ շաբաթ Վան գավառի Աղթամարի եկեղեցում անց էր կացրել եկեղեցական Սուրբ Պատարագ։

Արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի հիվանդության պատճառով նրան այս դիրքում 2ՕՕ8 թվականից փոխարինող Աթեշյանը լրագրողներին ասել է, թե անցած տասը տարիների ընթացքում Թուրքիայում փոքրամասնություններն ականատես են եղել մեծ փոփոխությունների։ Այս մասին գրում է թուրքական ՝՝Հուրիեթ՛՛ օրաթերթը։

՝՝Մենք ստացել ենք կրոնական հավելյալ ազատություններ, վերադարձվել են առգրավված անշարժ գույքն ու ֆինանսական միջոցները։ Եկել եմ ասելու, որ լայն հնարավորություններ են բացվել մեր դպրոցների ու պաշտամունքի վայրերի համար, ասելու, որ մենք այլեւս երկրորդ կարգի քաղաքացիներ չենք եւ այլեւս չենք լինելու ապագայում՛՛, ասել է Աթեշյանը՝ այցելելով Դիարբեքիրի գավառում գտնվող իր հայրենի Սիլվան քաղաքը՝ պատմական Նփրկերտը։

Նշենք, որ այս քաղաքը համարվում է Տիգրան Մեծի կողմից կառուցված Տիգրանակերտ մայրաքաղաքի երկու հնարավոր վայրերից մեկը (ԱՁ)։

՝՝Հուրիեթ՛՛-ն այնուհետեւմ մեջբերում է Աթեշյանի հետեւյալ խոսքերը. ՝՝Ես հեռացել եմ Սիլվանից՝ աչքերս արտասուքով լցված, վերադառնում եմ ժպիտը երեսիս՛՛։
Նախարար Բաղիշն ասել է, թե ինքն անձամբ էր ուզում Աթեշյանից լսել հայրենի քաղաք կատարած պաշտոնական այցի մասին Պատրիարքի տպավորություններն ու ավելացրել, թե ՝՝Աթեշյանը եղել է այս տարածաշրջանում իրականացված փոփոխությունների ականատեսը՛՛։

Թերթն այնուհետեւ գրում է, որ իր ճամբորդության ընթացքում Աթեշյանը պատարագ է մատուցել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում, որին մասնակցել են Դիարբեքիրի քաղաքագլուխ Օսման Բայդեմիրը եւ հայտնի գրող Մկրտիչ Մարկոսյանը։

Թերթն իր ընթերցողներին այնուհետեւ հիշեցնում է, որ այս ամբողջ շրջանը հիմնականում բնակեցված է եղել հայերի կողմից՝ մինչեւ ՝՝1915 թվականին սկսված ջարդերն ու գաղթը՛՛։

XS
SM
MD
LG