Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը օտար երկրներում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում զգուշանալ օգոստոսին


ԱՄՆ-ը արտասահմանյան երկրներում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է զգուշանալ ահաբեկչական հնարավոր հարձակումներից՝ միեւնույն ժամանակ մինչեւ կիրակի փակ պահելով 22 երկրներում իր դեսպանատներն ու հյուպատոսարանները։

Պետդեպարտամենտը ճամբորդությունների մասին զգուշացումներով է հանդես եկել, հայտարարելով, որ ալ-Քաիդան ու նրա համակիր խմբավորումները նախապատրաստում են հարձակումներ հիմնականում Մերձավոր Արեւելքում ու հյուսիսային Աֆրիկայում։

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները տեղեկություններ են ստացել այն մասին, որ ահաբեկիչները կարող են նաեւ թիրախ ընտրել պետական հաստատությունները։

Պաշտոնական որոշ տեղեկությունների համաձայն, հարձակումները կարող են կազմակերպվել Արաբական թերակղզուց։ Ալ-Քաիդայի ամենահայտնի համակիր խմբավորումներից մեկը՝ Արաբական թերակղզու ալ-Քաիդան, չնայած Եմենի բանակի ու ամերիկյան անօդաչու թռչող օդանավերի կողմից պարբերաբար իրականացվող հարձակումների, շատ ակտիվ է գործում այս երկրում։
Մեծ Բրիտանիան հայտարարել է, թե օգոստոսի 4-ին ու 5-ին Եմենում փակ կլինեն նաեւ բրիտանական հաստատությունները։ Իսկ ճամբորդելու նախազգուշացումներն ԱՄՆ-ում ուժի մեջ կմնան ամբողջ օգոստոս ամսին։ Ամերիկայի քաղաքացիներին կոչ է արվում հատկապես զգուշանալ հասարակական տրանսպորտից օգտվելիս ու զբոսաշրջիկների համար նախատեսված տեսարժան վայրերից։

XS
SM
MD
LG