Թուրքիայի ցուցարարներն անտեսում են Ստամբուլի զբոսայգու տարածքը թողնելու երկրի իշխանությունների հորդորները։ Նրանք հայտարարում են, թե չեն վստահում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը նրանց խոստացել էր մինչեւ դատարանի կողմից որոշում ընդունելը, կասեցնել Գեզի այգում վիճահարույց շինարարություն սկսելու ծրագիրը։
Անցած գիշերվա ընթացքում ոստիկանությունը մայրաքաղաք Անկարայում, վարչապետ Էրդողանի հաշտվողական ելույթից հետո ձերբակալել է տասնյակ ցուցարարների։ Նա նման հայտարարությամբ հանդես էր եկել բողոքավորների երկու խումբ պատվիրակություններ ընդունելուց հետո։
Հարյուրավոր ցուցարարներ շարունակում են մնալ Գեզի այգու վրանային ճամբարում՝ հայտարարելով, թե արշավը չեն դադարեցնի, քանի դեռ կառավարությունը լիովին չի կատարել իրենց պահանջները, այդ թվում ձերբակալված ցուցարարներին ազատ արձակելու պահանջը։
Հիշեցնենք, որ Էրդողանի կառավարության ու նրա կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության դեմ սկսված խաղաղ ցույցերն ուժգնացան, երբ էրդողանի հրահանգով ցուցարարների դեմ երկու շաբաթ առաջ դուրս բերվեցին ոստիկանական ուժեր։ Դրանից հետո ցուցարարներին միացան աշխարհիկ կարգերի պաշտպան քաղաքական գործիչները, ազգայնականները, արհմիություններն ու ուսանողները։
Բռնությունների այս ընթացքում սպանվել է 4, մարմնական վնասվածքներ ստացել մոտ 5ՕՕՕ մարդ։
Երկրի խորհրդարանի նախագահն ասել է, թե ոստիկանությունն այժմ հետաքննություն է սկսել ցուցարարների դեմքին կծու գազ փչած ոստիկանների ու գույքին վնաս պատճառած ցուցարարների նկատմամբ։