Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով չափավոր դիրքեր զբաղեցնող Հասան Ռոուհանին վեց թեկնածուների շարքում ստացել է առավել թվով ձայներ։ Նրան աջակցում են Իրանի բարեփոխական գործիչները։
4Օ միլիոն քվեներից 8 միլիոնի հաշվարկով Ռոուհանին ստացել է ձայների ավելի քան 51 տոկոսը։ Թեհրանի քաղաքագլուխ Բաղեր Քալիբաֆին բաժին է հասել ձայների միայն 17 տոկոսը։ Ընտրությունների երկրորդ փուլից խուսափելու համար Ռոուհանիից պահանջվում է ապահովել ձայների ավելի քան 5Օ տոկոսը։
Ընտրություններին մասնակցելու ժամկետն Իրանում երկարաձգվել էր, քանի որ քվեարկությանը մասնակցելու էր եկել սպասվածից ավելի մեծ զանգված։ Իրանի ընտրական հանձնաժողովի պաշտոնատար անձինք ասել են, թե մասնակցողների թիվն անցել է 7Օ տոկոսի ցուցանիշը։
Դեռեւս պարզ չէ, թե երբ են հայտարարվելու պաշտոնական արդյունքները։
Վերլուծաբանների կարծիքով ընտրություններին մեծ ակտիվություն ցուցաբերելու հանգամանքը կապված է չափավոր դիրքեր զբաղեցնող հոգեւորական Ռոուհանիի թեկնածության հետ։