Քվեարկությունը սկսվելուն պես երկրում գրանցվեցին բռնությունների դեպքեր, անցկացվեցին բողոքի ցույցեր։ Իշխանությունները տեղեկացնում են, որ ընտրատարածքները պաշտպանելու նպատակով 12Օ հազար թվակազմով զինվորականներ են տեղակայել տարբեր հատվածներում։ Քվեարկությանը մասնակցելու է երկրի բնակչության մոտ կեսը։ Մնացյալ մասը քվեարկելու է դեկտեմբերի 22-ին։
Սահմանադրական փոփոխությունները, որոնց շուրջ անց է կացվում հանրաքվեն, ներակայացրել է նախագահ Մուհամեդ Մորսին՝ ստանալով Մահմեդական եղբայրություն կուսակցության աջակցությունը։ Ազատական, աշխարհիկ ու քրիստոնյա ընդդիմությունը պնդում է, որ այս փոփոխություններով Մորսին ցանկանում է արմատախիլ անել քաղաքացիական ազատությունները, ՝՝քանի որ այն զարկ է տալիս մահմեդական կարծր օրենքներին եւ որեւէ տեղ չի նշում կանանց իրավունքների պաշտպանության մասին՛՛։
Նախորդ օրը երեկոյան բախումներ էին սկսվել Ալեքսանդրիա քաղաքի մզկիթներից մեկի մոտ, երբ ցուցարարները նետել են քարեր, ոստիկանությունը՝ պատասխանել արցունքաբեր գազի կրակոցներով։ Մոտավորապես 15 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։ Բախումներ են տեղի ունեցել նաեւ մայրաքաղաք Կահիրեում։
Նախագահ Մորսին արդեն մասնակցել է քվեարկությանը։