Մատչելի հղումներ

Բողոքի ցույց` Վաշինգտոնում Հունգարիայի դասպանատան առջեւ


«Ամոթ Հունգարիային», «Հունգարիան աջակցում է կացնահարողներին», «Արյունոտ փողերը ձեզ չեն փրկի»
«Ամոթ Հունգարիային», «Հունգարիան աջակցում է կացնահարողներին», «Արյունոտ փողերը ձեզ չեն փրկի»
Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի Բաքու տեղափոխվելու մասին տեղեկատվությունը ստանալուց ժամեր անց ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ ինքնաբուխ բողոքի ակցիա կազմակերպեցին Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան առջև:

«Ամոթ Հունգարիային», «Հունգարիան աջակցում է կացնահարողներին», «Արյունոտ փողերը ձեզ չեն փրկի», «Հունգարիայում արդարադատությունը 2 միլիարդ դոլար արժե» և մի քանի այլ ցուցապաստառներով բողոքի ակցիայի կազմակերպիչները դեսպանատան առջև մոտ 3 ժամ անցկացրեցին: Մինչ այդ դեսպանությունից բացատրություն ստանալու նպատակով էլեկտրոնային նամակների և հեռախոսով կապ հաստատելու ցուցարարների փորձերն ապարդյուն անցան:

Բողոքի ակցիայի վերջում դեսպանատան տարածքում հայտնվեց ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մի աշխատակից, ով պարզապես գրանցեց ցույցի կազմակերպիչների անունները` նշելով, որ պաշտպանության համար ահազանգ է ստացվել դեսպանությունից: Ցույցի ավարտին Վաշինգտոնում գործող «Արմենիան ռեփորթըր» թերթի գլխավոր խմբագիր Էմիլ Սանամյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, թե Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու Հունգարիայի իշխանությունների որոշումը նշանակում է, որ այդ երկրում հայտնված արտասահմանցիներն այլևս անվտանգ չեն կարող զգալ իրենց, «քանի որ Հունգարիայում մարդասպաններն ազատ են արձակվում իշխանությունների կամքով»:

Ի դեպ, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի կողմից նույն օրը հրապարակվեց խնդրի վերաբերյալ նախագահի հայտարարությունը, որում նշվում է, որ Բարաք Օբաման խորապես մտահոգված է Ռամիլ Սաֆարովի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կայացրած ներման որոշումով: “Այս գործողությունը խոչընդոտում է տարածաշրջանային անվտանգությունն ու հաշտեցման հեռանկարները”, ասված է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները բացատրություն է պահանջել Հունգարիայից` Սաֆարովին Ադրբեջանի իշխանություններին հանձնելու որոշման վերաբերյալ:

Ավելի ուշ, Ադրբեջանի իշխանությունների որոշման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երկարամյա անդամ Բրեդ Շերմանը: Հայտարարության մեջ ասված է հետևյալը. «Ես իմ ձայնն եմ բարձրացնում մեր գործընկեր և դաշնակից Հայաստանի Հանրապետության խաղաղության և անվտանգության վերականգնման համար: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարության արդարադատության առջև կանգնեցնել հանցագործ Սաֆարովին: Նման վարքագիծն ի ցույց է դնում այն փաստը, որ Բաքուն չի ցանկանում հրաժարվել հարևանների նկատմամբ իր սպառնալիքներից»:
XS
SM
MD
LG