ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թեկնածուն ուրվագծել է պատերազմական և բյուջեի առաջնահերթությունները

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թեկնածուն ուրվագծել է պատերազմական և բյուջեի առաջնահերթությունները

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թեկնածու Լեոն Պանետան ասել է, որ Պենտագոնի համար առաջնահերթ է ապահովել ԱՄՆ-ի գերակայությունը այն հակամարտություններում, ներառյալ Իրաքն ու Աֆղանստանը, որտեղ ներգրաված է երկիրը:

Կենտրոնական հետախուզական վարչության ներկայիս ղեկավար Պանետան այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում իր թեկնածության վերաբերյալ հինգշաբթի օրն անցկացված լսումների ընթացքում:

Պանետան ասել է, որ Աֆղանստանում Միացյալ Նահանգները պետք է շարունակի թուլացնել թալիբներին, ուսուցանել Աֆղանստանի անվտանգության ուժերը և օժանդակություն տրամադրել կառավարությանը` ամբողջ երկում ամուր իշխանություն հաստատելու գործում:

Իրաքում, Պանետայի համաձայն, Միացյալ Նահանգները պետք է ապահովի այս երկրի զինված և անվտանգության ուժերի պատրաստությունը, որպեսզի Իրաքը դառնա «աշխարհի այս չափազանց կարևոր տարածաշրջանում» ժողովրդավարական կայուն երկիր:

Պաշտպանության նախարարի թեկնածու Պանետան նշել է, որ ներկայիս ժամանակաշրջանը «պատմական փոփոխությունների ժամանակաշրջան է, որի ընթացքում ԱՄՆ-ը դեմ առ դեմ է կանգնած բազմաթիվ մարտահրավերների և դիմակայում է վտանգավոր թշնամիների»:

Նա սակայն ասել է նաև, որ ԿՀՎ-ի կողմից անցյալ ամիս Օսամա բին Լադենի ոչնչացման հաջող գործողությունը 2001 թվականին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչական հարձակման ժամանակից «ալ-Քաիդա»-ն պարտության մատնելու մեծ հնարավորություն է ստեղծել, սակայն Միացյալ Նահանգները պետք է չթուլացնի գործադրվող ճնշումը:

Պանետան խոստովանել է, որ պաշտպանական բյուջեի կրճատման պայմաններում իրեն անհրաժեշտ կլինի «դժվարին որոշումներ» կայացնել և կրճատել ֆինանսական միջոցները վատնող ծախսերը` միաժամանակ պահպանելով երկրի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հիմնարար տարրերը: