Բահրեյնում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների պատճառով կան զոհվածներ

Բահրեյնի ոստիկանության ուժերը հինգշաբթի առավոտյան, փորձելով երկրի մայրաքաղաք Մանամայի գլխավոր հրապարակից վտարել այնտեղ հավաքված հազարավոր ցուցարարների, դիմել են գրոհի, որի արդյունքում զոհվել է երեք, վնասվածքներ ստացել` 231 մարդ:

Հրապարակում վրանային ճամբար հիմնադրած ցուցարարների նկատմամբ ոստիկանության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ, ընդ որում ոստիկանության հարձակմանն են ենթարկվել հիմնականում շիա ցուցարարները, այդ թվում` կանայք և երեխաները:

Ոստիկանության այս գործողություններից հետո Բահրեյնի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել երկրի մայրաքաղաքի որոշ մասեր:

Բահրեյնի խորհրդարանի շիա առաջատար «ալ-Վեֆաք» կուսակցության անդամները, որպես բողոքի նշան, նախատեսում են հեռանալ խորհրդարանից:

Խորհրդարանի 40 տեղերից 18-ը զբաղեցնող «ալ-Վեֆաք»-ի առաջնորդները նախկինում հայտնել են, որ կուսակցությանն անդամակցող պատգամավորները չեն վերադառնալու խորհրդարան, մինչև երկրի Համադ բին Իսա ալ-Խալիֆա թագավորը չհամաձայնվի երկրում հաստատել սահմանադրական ժողովրդավարություն և ընտրություններ անցկացնել:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, ընդդիմադիր մի քանի խումբ, այդ թվում «ալ-Վեֆաք»-ը, հանդես են եկել բողոքի գործողությունների համակարգմանն և ցուցարարների պահանջներն ի մի բերելուն օժանդակող հանձնաժողով ստեղծելու հայտարարությամբ:

Հանձնաժողովը նախատեսում է շաբաթ օրը երկրում բողոքի զանգվածային ցույցեր անցկացնել: