ԱՄՆ-ի և Ռուսաստանի հատուկ ուժերն առաջին անգամ մասնակցել են Աֆղանստանում թմրանյութերի արտադրության լաբորատորիաների ոչնչացմանն ուղղված համատեղ գործողություններին:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, գործողությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Պակիստանի հետ սահմանի մոտակայքում:
Թմրանյութերի հսկողության գծով Ռուսաստանի դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովն ասել է, թե Աֆղանստանի պաշտոնյաների կողմից օժանդակություն ստացող հատուկ ուժերը ոչնչացրել են հերոինի երեք և մորֆինի մեկ լաբորատորիա: Նրա ներկայացրած հաշվարկներով, հարձակումները մոտ մեկ միլիարդ դոլարի վնաս են հասցրել Աֆղանստանի ապօրինի թմրամիջոցների վաճառքի ոլորտին:
Այս տարի ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովն ասել էր, թե Աֆղանստանից թմրամիջոցների ապօրինի առևտուրը վտանգ է ներկայացնում աշխարհում խաղաղության և անվտանգության համար: Նա ասել էր նաև, որ ապօրինի թմրամիջոցների արտադրությունը նպաստում է թալիբների և զինյալ այլ խմբավորումների ֆինանսավորմանը: