ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին նախազգուշացրել է, որ Ուկրաինայում ցանկացած ռազմական գործողություն ծանր հետևանքներ կունենա։ Նա այս մասին հայտարարում է այն ժամանակ, երբ ռուսական զորքեր ու ծանր ռազմական տեխնիկա է շարունակում կուտակվել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով:
Պետքարտուղարը հինգշաբթի օրը հանդիպեց ռուս իր գործընկերոջը եւ անձամբ նախազգուշացրեց «լուրջ հետևանքների» մասին: Նա նաեւ կոչ արեց Մոսկվային փնտրել ճգնաժամի դիվանագիտական լուծումը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ստոքհոլմում իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման նախօրեին Բլինքենն ասել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վճռականորեն արձագանքել, այդ թվում՝ կոշտ պատժամիջոցների օգնությամբ, եթե տեղի ունենա հարձակում ընդդեմ հարեւան Ուկրաինայի:
«Ճգնաժամը կանխելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է», - ասել է Բլինքենը լրագրողներին Լավրովի հետ բանակցություններից առաջ:
Բլինքենն ասել է, որ Մոսկվան և Կիևը պետք է կատարեն իրենց պարտավորությունները 2014 թվականի Մինսկի խաղաղ գործընթացի շրջանակներում, որը կոչված էր վերջ դնելու Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականների և ուկրաինական կառավարական ուժերի միջև պատերազմին:
Վաշինգտոնը պատրաստ է նպաստել դրան, ասել է Բլինքենը, բայց «եթե Ռուսաստանը որոշի շարունակել առճակատումը, դա լուրջ հետևանքներ կունենա», ավելացրել է նա։
Լավրովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան պատրաստ է Կիեւի հետ երկխոսության։ «Մենք, ինչպես նախագահ Պուտինն է ասել, հակամարտություններ չենք ցանկանում»,- ասել է Լավրովը։
Երկու դիվանագետների միջեւ հանդիպումը տեւել է մոտ 30 րոպե, որն անցկացվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գագաթաժողովի շրջանակներում։
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Reuters գործակալության հարցին ի պատասխան ասել է, որ Բլինքենն ու Լավրովը «լուրջ, սթափ և գործնական» հանդիպում են ունեցել։
Լավրովի հետ բանակցություններից հետո անցկացված մամլո ասուլիսի ժամանակ Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ Ուկրաինան չի հանդիսանում սպառնալիք Ռուսաստանի համար, և ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել երկու կողմերի հետ՝ ճգնաժամից դուրս գալու դիվանագիտական ուղիներ գտնելու համար։
Պետքարտուղարը նաև պաշտոնապես հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կկարողանան ուղղակիորեն քննարկել իրավիճակը «մոտ ապագայում»։
Ռուսաստանը, միևնույն ժամանակ, հինգշաբթի օրը հայտարարել է, թե հույս ունի, որ Պուտինի եւ Բայդենի միջեւ հանդիպումը կանցկացվի առաջիկա օրերին, քանի որ Ուկրաինայի հետ լարվածությունն աճում է օրեցօր:
Ըստ France-Presse-ի, Ռուսասատնի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, թե Պուտինի հետ Բայդենի զրույցն անհրաժեշտ է երկու կողմերի համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ նախորդ օրն էր ասել, թե Կիևը կոչ է անում ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայի հետ։ Զելենսկիի խոսքերով, իր երկիրն ունի ուժեղ բանակ, և որ ինքը «չի վախենում» խոսել Պուտինի հետ` Ուկրաինայի արևելքում 14 հազար մարդու կյանք խլած ութնամյա պատերազմին վերջ տալու համար: