Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բացահայտվել է հեղաշրջման փորձի դավադրություն, որը պիտի տեղի ունենար հաջորդ շաբաթ։
«Մենք մարտահրավերներ ունենք ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այլեւ` ներքին մեծ մարտահրավերներ: Ես տեղեկություններ ունեմ, որ դեկտեմբերի 1-2-ը մեր երկրում պետական հեղաշրջման փորձ էր իրականացվելու»,- ասել է Զելենսկին` առանց դրա մասին մանրամասներ ներկայացնելու: Նա ներգրավվածության մեջ չի մեղադրել Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ իր սահմանի մոտ: Ուկրաինան, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն մտահոգություն են հայտնել ռուսական հնարավոր հարձակման վերաբերյալ, ինչը Կրեմլը հերքում է ու այն համարում կեղծ և տագնապալի ազդանշան:
Մոսկվան և Կիևը վերջին շաբաթների ընթացքում միմյանց են մեղադրում լարվածության աճի համար` մտավախություն առաջ բերելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների միջև երկարատև հակամարտությունը կարող է վերածվել բացահայտ պատերազմի:
«Մենք լիովին վերահսկում ենք մեր սահմանները և լիովին պատրաստ ենք ցանկացած էսկալացիայի»,- ասել է Զելենսկին։