Ստամբուլի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու համար կանանց բողոքի ցույցը, որի մասնակիցները պահանջում էին երկրի իշխանություններին հավատարիմ մնալ կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու միջազգային պայմանագրին:
Հինգշաբթի օրն անցկացված երթը կազմակերպվել էր նշելու համար Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը:
‘’Cumhuriyet’’ օրաթերթը հաղորդում է, որ առնվազն մեկ ցուցարար վիրավորվել է, երբ ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել՝ թույլ չտալու համար երթի մասնակիցներին անցնել բարիկադները, որոնք կառուցվել էին նրանց հետագա երթը կանխելու համար:
Ցուցարարները կրում էին «Ստեղծենք ֆեմինիստական աշխարհ», «Կանայք հեղափոխություն են ուզում» և այլ կարգախոսներով պաստառներ:
Բողոքի նման ցույցեր են անցկացվելե նաեւ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և այլ քաղաքներում:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով մարտ ամսին երկիրն անսպասելի կերպով դուրս բերեց Կոնվենցիայից, քայլ, որը դատապարտեցին կանանց իրավունքների պաշտպանության խմբերը և արևմտյան երկրները:
Այս քայլի դեմ ներկայացված բողոքը դատարանում մերժվեց, և Կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու որոշումը համարվեց վերջնական:
Թուրքական «Մենք կկանգնեցնենք կանանց սպանությունը» կազմակերպությունը հայտարարել է, որ այս տարի Թուրքիայում 353 կին է սպանվել: Անցյալ տարի սպանվել է 409 կին։
Կազմակերպության տվյալներով՝ միայն հոկտեմբերին 18 կին սպանվել է տղամարդկանց կողմից, եւս 19-ը մահացած են հայտնաբերվել կասկածելի հանգամանքներում։