Կորոնավիրուսը` Գոհաբանության տոներից առաջ

Միացյալ Նահանգներում նախապատրաստվում են ամենամյա Գոհաբանության տոնին, երբ քովիդ հիվանդությունը շարունակում է տարածվել հատկապես մարդկանց մեծ խմբերով շփումների արդյունքում:

Իսկ Գոհաբանության տոնը մարդիկ սովորաբան անցկացնում են հարազատներով ու ընկերներով հավաքների տեսքով: Առողջապահության պաշտոնատար անձինք այս օրերին ավելի հաճախակի են հանդես գալիս պատվաստումների երկու չափաբաժիններն ընդունելու հորդորով եւ երրորդ` խթանիչ չափաբաժինը ստանալու կոչերով: ԱՄՆ-ում 5 տարեկանից բարձր տարիք ունեցող անձանց 26 տոկոսը դեռեւս չի ստացել պատվաստումների նույնիսկ առաջին ներարկումը:

Սպիտակ տան բժշկական հարցերով խորհրդական Էնթոնի Ֆաուչին ասում է, թե նրանք, ովքեր պատվաստված են եւ նրանք, ովքեր ստացել են նաեւ երրորդ չափաբաժինը, մտահոգվելու որեւէ առիթ չունեն: ‘’Իսկ նրանք, ովքեր պատվաստված չեն, հանդիսանում են այս համաճարակի տարածման աղբյուր’’, ասում է նա:

Իսկ պատվաստումներին զարկ տալու ռազմավարությունն այս պահին ինչ որ կերպ մտնում է փակուղի: Բայդենի վարչակազմը, որը պահանջում էր, որ հարյուրից ավելի աշխատակիցներ ունեցող ընկերություններում մարդիկ լինեն պատվաստված, այժմ ստիպված է դադար տալ իր այդ ծրագրին: Չէ որ նահանգային որոշ իշխանություններ դիմում են հակադիր քայլերի: Օրինակ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանթիսը ստորագրել է մի օրենք, որի համաձայն կտուգանվեն այն ընկերություններն ու հիվանդանոցները, որոնք իրենց աշխատակիցներին կպարտադրեն ենթարկվել պատվաստումների: Նրա բացատրությունը հետեւյալն է. ‘’Մենք հարգում ենք այս նահանգում մարդկանց անհատական ազատությունը’’:

Այս առումով պատվաստումների հարցը դառնում է քաղաքական մրցապայքարի ձեւ:

Երկրի որոշ հատվածներում էլ իշխանությունները դիմում են այլ քայլերի: Օրինակ երկրի մայրաքաղաքա Վաշինգտոնում այս շաբաթվանից հրաժարվում են փակ տարածքներում դիմակ կրելու պարտադրանքից:

Սակայն սա թող գայթակղիչ չլինի մյուս երկրների համար, ասում են փորձագետները, հիշեցնելով, որ ԱՄՆ-ում բնակչության գրեթե 75 տոկոսը պատվաստված է: Սա նշանակում է, որ կորոնավիրուսի տարածման արագությունը կշարունակի անկում ապրել: